Գիտնականները պարզել են, որ մարդկանց հակվածությունը վնասակար սովորություններին, ինչպիսին են ծխելը, ալկոհոլն ու թմրանյութերը, անմիջականորեն պայմանավորված է տարիքային, ազգային ու ռասայական գործոններով: Համապատասխան հոդվածի հետ կարելի է ծանոթանալ Addictive Behaviors ամսագրում:
Իրենց հետազոտությունում գիտնականներն օգտագործել են 1994 թվականին National Longitudinal Study of Adolescent Health-ի կողմից անցկացված հարցման արդյունքները: Այդ ժամանակ հարցմանը մասնակցել են դեռահասները, միջին ու ավագ դպրոցների աշակերտները: Այնուհետեւ այդ նույն մարդիկ հարցմանը մասնակցել են նաեւ 1996, 2001 եւ 2008 թվականներին: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հակվածությունը վնասակար սովորություններին կախված է մարդու տարիքից եւ նրա ազգությունից: Այսպես, 18 տարեկան հասակում ծխում էր սպիտակ ամերիկացիների 44 տոկոսը, լատինոամերիկյան արմատներով մարդկանց 27 տոկոսը եւ աֆրիկացիների ընդամենը 18 տոկոսը: 30 տարեկանում եվրոպեոիդ ռասայի ներկայացուցիչները թողնում էին ծխելը, իսկ ահա լատինոմաերիկացիների եւ աֆրոամերիկացիների շրջանում ծխողների քանակը, ընդհակառակը, աճում էր: Նույն միտումները վերաբերվում են նաեւ թմրամոլությանն ու ալկոհոլիզմին:
Գիտնականները համոզված են, որ նրանց հետազոտության արդյունքները կօգնեն բժիշկներին կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: Այս տվյալների շնորհիվ կդյուրանա նաեւ կառավարության կողմից վնասակար սովորությունների հետեւանքների մասին տեղեկացնող նպատակային ծրագրերի իրականացումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում