Մոսկվայաբնակ հայտնի սրտաբանը ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ մի քանի հիվանդանոց հրաժարվել է հոսպիտալացնել նրան: Պրոֆեսոր Էդմունդ-Միխայիլ Նիկոլայի Լյուդեի մարմինը գտել են իր տան շքամուտքի մոտ: Սրտաբանը տառապում էր քաղցկեղով, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Պրոֆեսոր Էդմունդ-Միխայիլ Նիկոլայի Լյուդեն երկար ժամանակ աշխատել է Բակուլեւի անվան գիտական կենտրոնում: Հանգուցյալի հարազատները կարծում են, որ բժիշկները չեն ցանկացել հոսպիտալացնել նրան, քանի որ անբուժելի հիվանդի մահը կարող էր վատթարացնել տվյալ հաստատությունում հիվանդների բուժման ցուցանիշները: Լյուդեն նետվել է պատուհանից՝ թողնելով գրություն, որում ասվում է. « Ոչ մեկին չեմ մեղադրում: Մեղավոր է առողջապահությունը: Մնաք բարով»:
Իսկ ինչքանով էր որակյալ Լյուդեի ստացած բժշկական սպասարկումը, կպարզեն ստուգումները, որոնք հանձնարարել է անցկացնել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ 2014 թվականի փետրվարին քաղցկեղով հիվանդի եւս մեկ աղմկահարույց ինքնասպանություն է տեղի ունեցել: Կոնտրծովակալ Վյաչեսլավ Ապանասենկոն անվանական զենքի միջոցով կյանքին հրաժեշտ էր տվել այն բանից հետո, երբ մտերիմները բյուրոկրատական քաշքշուկների պատճառով չէին կարողացել նրան ցավազրկողներով ապահովել: 2015 թվականի փետրվարին Մոսկվայում քաղցկեղով հիվանդ 11 մարդ է ինքնասպանություն գործել: Այդ դեպքերը նախարար Սկվորցովայի ուշադրության կենտրոնում, սակայն, չեն հայտնվել: Ստուգումներ չէին իրականացվել: Եվ ահա այժմ նոր աղմկահարույց ինքնասպանություն. բժիշկը հեռացել է կյանքից՝ իր մահվան մեջ մեղադրելով բժիշկներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում