Նռան հյութն ու արմավը կարող են կանխարգելել կաթվածն ու աթերոսկլերոզը

9 ապրիլի, 2015  21:08

Կես բաժակ նռան հյութն ու օրական երեք արմավը կարող են 33 տոկոսով նվազեցնել անոթների պատերին լիպիդների կուտակումը՝ այդպիսով կանխարգելելով կաթվածը, նշում են Technion-Israel Institute of Technology-ի գիտնականները:

Ինչպես նշել է հետազոտության առաջատար հեղինակ Մայքլ Ավիրամը, այս մթերքներում հակաօքսիդանտներ են պարունակվում, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի՝ ճարպային կուտակումներով արյունատար անոթների խցանման զարգացումը: Այս մթեքներն ակտիվորեն օգտագործող մարդկանց մոտ աթերոսկլերոզի զարգացումը դանդաղում է 3 անգամ:

Ճարպային կուտակումները անոթներում շատ վտանգավոր են, քանի որ կարող են խցանել անոթները՝ խափանելով դեպի սիրտ արյան հոսքը եւ կաթված առաջացնելով: Իսկ եթե այդ կուտակումների պատճառով դադարում է ուղեղի սնուցումն արյունով, ինսուլտ է առաջանում: Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները լաբորատոր պայմաններում հետեւել են արտերիալ բջիջներին, ինչպես նաեւ ուսումնասիրել խոլեստերինի բարձր մակարդակով մկների առողջությունը:

Պարզվել է, որ արմավի ու նռան հյութի համակցությունը իսկապես կարող է ապահովագրել աթերոսկլերոզից: Ընդ որում՝ արմավը խորհուրդ է տրվում օգտագործել հենց կորիզներով, որոնք նախապես պետք է մշակվեն՝ հասցվելով մածուկաձեւ վիճակի: Այս հյութի եւ արմավի համակցությունը կարող է նաեւ նվազեցնել խոլեստերինի պարունակության մակարդակը 28 տոկոսով:

Որոշ գիտնականներ պնդում են, որ նռան մեջ պարունակվող նյութերը կարող են նաեւ կանխարգելել քաղցկեղը կամ դանդաղեցնել դրա զարգացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում