Սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը կախված է մարդու հասակից

10 ապրիլի, 2015  10:42

Սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը կախված է մարդու հասակից: Ինչքան ցածրահասակ է մարդը, այդքան ավելի հավանական է, որ մի օր նրա մոտ սրտի եւ անոթների հետ կապված խնդիրներ ի հայտ կգան, նշում են Լեյչեսթերի համալսարանի մասնագետները:

Գիտնականների խոսքով՝ այն մարդու մոտ, որի հասակը 6.3 սմ-ով ցածր է միջին վիճակագրական ցուցանիշից, սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը բարձր է մի ամբողջ 13 տոկոսով: 182 սմ հասակ ունեցող մարդու համեմատ՝ 168 սմ հասակով մարդիկ 32 տոկոսով ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով:

Գիտության պատմության մեջ առաջին անգամ սրտաբան Նիլեշ Սալմանիի գլխավորած մասնագետների խումբը ապացուցել է, որ մարդու հասակը ինքնին կարող է սրտի հիվանդությունների զարգացմանը նպաստող շատ լուրջ գործոն լինել, սակայն բացատրել այդ կապը գիտնականները դեռեւս չեն կարող:

Հիշեցնենք, որ սրտի շատ հիվանդություններ սկսում են զարգանալ այն ժամանակ, երբ սիրտը արյունով ապահովող անոթները նեղանում են, դրանց պատերին առկա ճարպային կուտակումների պատճառով: Վերջիններս, անջատվելով անոթների պատերից, կարող են ինֆարկտի կամ ինսուլտի պատճառ դառնալ:

Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը կախված է, իհարկե, ոչ միայն հասակից, այլ նաեւ մարդու ապրելակերպից: Ծխելը, ավելորդ քաշը, անառողջ սննդակարգը եւ ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքը նույնպես նպաստում են այդ հիվանդությունների զարգացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում