Ի՞նչ կարող է լեզուն պատմել Ձեր առողջության մասին

28 ապրիլի, 2015  16:42

Լեզուն կարող է շատ բան պատմել Ձեր առողջության մասին: Պարզապես դուրս հանեք այն եւ նայեք հայելու մեջ: Առողջ լեզուն հիմնականում վարդագույն է: Եթե այն ուրիշ գույնի է եւ ցավում է, դա կարող է վկայել հիվանդությունների մասին: Պարզաբանում է Քլիվլենդի կլինիկայի ընտանեկան բժիշկ Դենիել Ալանը:

Սպիտակ փառ կամ սպիտակ կետեր լեզվի վրա

Դա կարող է կաթնուկի ախտանիշ լինել: Կաթնուկը սնկային ինֆեկցիայի տեսակ է, որով հիմնականում հիվանդանում են նորածինները կամ թուլացած իմունիտետով մարդիկ, դրանով կարելի է հիվանդանալ նաեւ որոշ տեսակների դեղորայք՝ մասնավորապես, հակաբիոտիկներ ընդունելուց հետո: Կաթնուկի դեպքում բերանի խոռոչում սպիտակ կետեր են ի հայտ գալիս: Դա կարող է նաեւ լեյկոպլակիայի ախտանիշ լինել: Լեյկոպլակիան հիվանդություն է, որը բնութագրվում է լորձաթաղանթի ախտահարմամբ, ինչպես նաեւ էպիտելիումի փայտացմամբ: Այս հիվանդությունը շատ հաճախ հանդիպում է ծխող մարդկանց մոտ, քանի որ նրանց լեզուն գրգռվում է ծխախոտի պատճառով: Ինքը լեյկոպլակիան կարող է նաեւ քաղցկեղի հանգեցնել, այդ պատճառով անտեսել այն չի կարելի: Դա կարող է նաեւ կարմիր որքին լինել, եթե սպիտակ փառը լեզվի վրա նման է ժանյակի:

Կարմիր լեզու

Կարմիր լեզուն կարող է վիտամինների պակասի մասին խոսել՝ մասնավորապես, B-12 վիտամինի եւ ֆոլաթթվի պակասի մասին: Աշխարհագրական լեզու՝ սովորաբար ոչ վտանգավոր բորբոքային վիճակ: Քութեշ: Սա ինֆեկցիայի տեսակ է, որի պատճառով լեզուն նմանվում է ելակի, կարմրում է եւ դառնում ոչ հարթ: Եթե այն ուղեկցվում է նաեւ բարձր ջերմությամբ, պետք է դիմել բժշկի: Կավասակի հիվանդություն: Սուր տենդային հիվանդություն, որը հանդիպում է հիմնականում երեխաների մոտ եւ ուղեկցվում է կորոնար եւ այլ անոթների ախտահարմամբ, անեվրիզմայի, տրոմբոզների ձեւավորմաբ: Բժիշկ Ալանի խոսքով՝ սա լուրջ հիվանդություն է, որը չի կարելի անտեսել:

 

Սեւ եւ մազոտ լեզու

Երբեմն լեզվի մակերեսի բշտիկները մեծանում են եւ նմանվում մազածածկույթի: Դա բարենպաստ պայմաններ է ստեղծում բակտերիաների զարգացման համար, որոնք կարող են լեզուն սեւ կամ գրեթե սեւ դարձնել: Այս խնդիրը համեմատաբար հազվադեպ է հանդիպում, այն ի հայտ է գալիս հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր պատշաճ կերպով չեն հետեւում բերանի խոռոչի հիգիենային:

Բորբքոված, ցավացող եւ ոչ հարթ լեզու

Սա կարող է վնասվածքի հետեւանք լինել: Օրինակ, եթե Դուք պատահաբար կծել եք Ձեր լեզուն: Ծխելը նույնպես բորբոքում է լեզուն եւ կարող է այս ախտանիշի հանգեցնել: Ստոմատիտը նույնպես կարող է այդպես դրսեւորվել: Հատկանշական է, որ դրա գոյացման պատճառներն անհայտ են: Կարծիք կա, որ այն սթրեսի հետեւանք է: Բերանի խոռոչի քաղցկեղ: Եթե բորբոքումն ու այտուցվածությունը չի անցնում երկու շաբաթվա ընթացքում, դա կարող է խոսել բերանի խոռոչի քաղցկեղի առկայության մասին, նշում է բժիշկ Ալլանը: Պետք չէ մոռանալ, որ քաղցկեղի այս տեսակի զարգացման առաջին փուլերի ընթացքում լեզուն չի ցավում, սակայն ցավի բացակայությունը դեռեւս չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում