Շատ հայուհիներ ծխու՞մ են հղիության ընթացքում

25 մայիսի, 2015  11:59

Վերջերս ծխելը նկատելիորեն տարածվել է երիտասարդ կանանց շրջանում, ընդ որում՝ շատերը ծխում են նույնիսկ հղիության եւ երեխային կրծքով կերակրելու ընթացքում: Բժիշկ-ռադիոլոգ Գայանե Հովակիմյանի եւ օնկովիրաբույժ Արմեն Քոչարյանի խոսքով՝ այդ կանայք վնաս են հասցնում ոչ միայն իրենց առողջությանը, այլ նաեւ իրենց դեռեւս լույս աշխարհ չեկած երեխաների առողջությանը:

Օնկովիրաբույժ Արմեն Քոչարյանի խոսքով՝ վաղուց ապացուցված է, որ թոքերի եւ մի շարք այլ օրգանների քաղցկեղի եւ ծխելու միջեւ անմիջական կապ գոյություն ունի: Ավելի ստույգ՝ քաղցկեղի զարգացմանը նպաստում են ծխախոտի մեջ պարունակվող կանցերոգեն նյութերը: Գայանե Հովակիմյանը նույնպես համաձայնվեց այդ պնդման հետ եւ հավելեց, որ ծխող մորից ծնված երեխան արտաքինից կարող է առողջ թվալ, սակայն բացառված չէ, որ ծխախոտի քիմիկատներով թունավորումը կանդրադառնա նրա առողջության վրա ապագայում:

«Հարգելի կանայք, մի ծխեք: Դրանով դուք սպանում ենք ոչ միայն ձեր օրգանիզմը, այլ ձեր մեջ ապրող փոքրիկին: Ծխախոտի քիմիկատները փոխանցվում են պտղին, եւ վերջինիս մոտ սկսվում են այն փոքր, անտեսանելի փոփոխությունները, որոնք ժամանակի ընթացքում լուրջ խնդիրների են վերածվում: Եվ երկրորդը՝Ձեր ծխախոտի ծուխը եւս լուրջ վնաս է հասցնում արդեն իսկ ծնված երեխաներին, որոնք պասիվ ծխող են դառնում», - նշեց բժիշկը:

Ե՞րբ պետք է ծխող եւ հղիություն պլանավորող մայրերը թողնեն ծխելը

Այստեղ կարծիքները տարբեր են: Որոշ մասնագետներ պնդում են, որ նախընտրելի է թողնել ծխելը ենթադրվող հղիությունից 3-6 ամիս առաջ, մնացածները՝ որ ծխելու արդյունքում օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը դուրս են բերվում երկու և ավելի տարիների ընթացքում: Ամեն դեպքում, պարզ է մեկ բան՝ ինչքան շուտ կինը թողնի ծխելը, այդքան լավ կլինի ինչպես նրա, այնպես էլ երեխայի համար:

Գայանե Հովակիմյանը նշեց նաեւ, որ նախընտրելի է ընդմիշտ թողնել ծխելը, այլ ոչ միայն հղիության ընթացքում:

«Բոլորը կոչ են անում չծխել հղիության ընթացքում, իսկ ես կոչ կանեի ընդհանրապես չսկսել ծխել», - նշեց իր հերթին Արմեն Քոչարյանը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում