Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների համաժողով՝ Հաագայում

27 մայիսի, 2015  19:43

Նիդերլանդների Հաագա քաղաքում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրների տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների 13-րդ ամենամյա համաժողովը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաժողովին մասնակցում են նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը եւ Պետական առողջապահական գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն Եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը, երկրներում առկա ձեռքբերումներն ու խնդիրները, տուբերկուլոզի ախտորոշման եւ բուժման նոր մոտեցումները, իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից ներկայացվելու է նաեւ 2016-2020 թվականների տուբերկուլոզի հաղթահարման նոր ռազմավարությունը:

Համաժողովում կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում հակատուբերկուլոզային ծառայության ստացիոնար եւ ամբուլատոր օղակներում 2014 թվականից ներդրված ֆինանսավորման նոր մեխանիզմները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում