ԵՏՄ երկրների տարածքում վաճառվող ծխախոտի տուփերի վրա սարսափելի նկարներ կհայտնվեն

29 մայիսի, 2015  15:46

ԵՏՄ անդամ երկրների տարածքում վաճառվող ծխախոտի տուփերը կարող են որոշակի փոփոխություններ կրել: Մասնավորապես, դրանց վրա կարող են սարսափելի նկարներ հայտնվել, որոնք ցույց են տալիս, ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ ծխելու հետեւանքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց ազգային առողջապահության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Ինչպես նշեց առողջապահական պետական տեսչության պետի տեղակալ Գոհար Փանանջյանը, այդ նկարների էսկիզներն արդեն քննարկվում են, եւ ՀՀ առողջապահության նախարարությունը եւս որոշակի աշխատանքներ է իրականացնում դրանց մշակման ուղղությամբ:

Բացի այդ՝ Գոհար Փանանջյանի խոսքով՝ ԵՏՄ երկրներում մշակվում է միջազգային համաձայնագիր, որը կարգավորում է պահանջներն ու արգելքները, որոնք վերաբերվում են ծխախոտի արտադրությանը, ներմուծմանը, իրացմանը: Հայաստանը նույնպես մասնակցում է այս աշխատանքներին:

Բացի այդ՝ օրենսդրական աշխատանքներ են տարվելու՝ ծխախոտի արտադրողների նկատմամբ նոր պահանջներն ամրագրելու համար:

Հիշեցնենք, որ գիտնականները պնդում են, որ ծխախոտի տուփերի վրա պատկերված սարսափելի նկարները իսկապես վախեցնում են ծխողներին եւ ստիպում հրաժարվել ծխելուց: Մյուս կողմից, ծխելու դեմ պայքարի լավ միջոց է նաեւ այս արտադրանքի գնի բարձրացումը, սակայն այս մեթոդը Հայաստանում, չգիտես ինչու, չի կիրառվում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում