Հղիության ընթացքում մարիխուանա ծխելը կարող է հանգեցնել պտղի ուղեղի վնասման, ցույց է տալիս մկների եւ մարդկային սաղմի ուղեղային հյուսվածքի վրա իրականացված նոր հետազոտությունը:
Գիտնականները բացահայտել են, որ THC (դելտա 9- տետրահիդրոկանաբիոլը) խոչընդոտում է նյարդային բջիջների միջեւ կապերի ձեւավորմանը գլխուղեղի կեղեւի այն հատվածում, որը պատասխանատու է մտածողության բարձրագույն հմտությունների եւ հիշողության ձեւավորման համար:
«Մենք խորհուրդ ենք տալիս հղի կանանաց խուսափել մարիխուանայից»,- ասել է հետազոտության ղեկավար, Շվեդիայի Կարոլինյան համալսարանի եւ Ավստրիայի Վիեննայի բժշկական համալսարանի նյարդաբան Տիբոր Հարկանին:
Հարկանին ավելացրել է, որ մարիխուանայի պերինատալ ազդեցությունը կարող է նաեւ շարունակվել հասուն կյանքի ընթացքում:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մարիխուանայի ազդեցությունը հղիության ժամանակ կարող է մեծացնել երեխայի մոտ ճանաչողական շեղումների եւ հոգեկան խանգարումների ռիսկը, տեղեկացնում է Fox News-ը։
Մանկածնական տարիքի ավելի մեծ քանակությամբ կանայք օգտագործում են մարիխուանա, եւ այս խումբը պետք է տեղեկացված լինի իրենց երեխաների ուղեղի զարգացման վրա հնարավոր ազդեցության մասին, ասաց Նյու Յորքի Մաունտ Սինայ հիվանդանոցի նյարդաբան Յասմին Հերդը:
Հարկանին եւ նրա գործընկերները չեն ուսումնասիրել մարիխուանայի ազդեցությունը մինչեւ հղիությունը, բայց նա ասել է, որ այն դուրս է բերվում օրգանիզմից օրերի, այլ ոչ թե ամիսների ընթացքում, եւ նրա օգտագործումը մինչեւ բեղմնավորումը ավելի շուտ կարող է ազդել բեղմնավորման հավանականության վրա, այլ ոչ թե պտղի վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում