• Latest news

ՔԿՀ-ում վարձատրության հետ կապված` բժիշկների ներգրավման խնդիր կա. Արդարադատության նախարար

2 հունիսի, 2015  13:38

Երեւանում այսօր` հունիսի 2-ին, մեկնարկեց «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որը  տեւելու է 24 ամիս, այն նախատեսվում է ավարտին հասցնել 2017թ. փետրվարի 28-ին: Ծրագրի մեկնարկին ներկա ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի նպատակն  է բարձրացնել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում  բուժօգնության որակը. «Առողջության պահպանման իրավունքը ֆունդամենտալ իրավունք է, եւ մարդը լինելով թե ազատության, թե անազատության մեջ, պետք է ստանա որակյալ բուժօգնություն: Վերջին 1 տարվա ընթացքում այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է տարվել, սակայն դեռ կան բացեր, որոնք ինձ չեն գոհացնում, վստահ եմ, որ այս ծրագրի օգնությամբ կկարողանանք անհրաժեշտ լուծում տալ մեզ հուզող բոլոր հարցերին»:

ՀՀ Արդարադատության նախարարի խոսքով` ծրագրի հիմնական նպատակներից է նաեւ վերապատրաստել ՔԿՀ-ների բուժմասերի անձնակազմը, բարելավել ՔԿՀ-ների բուժմասերի նյութական պայմանները. « Մենք կարեւոր համաձայնագիր ենք ստորագրել Առողջապահության, ԿԳ նախարարությունների հետ եւ Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում բանտային բժշկության դասընթացներ ենք սկսելու` համապատասխան մասնագետներ պատրաստելու համար, նաեւ օրդինատուրայի համապատասխան տեղեր ենք նախատեսել, որոնք պրակտիկան անցնելու են ՔԿՀ-ում»:

Հովհաննես Մանուկյանի խոսքով` ՔԿՀ-ում բժիշկների ներգրավման խնդիր կա, որը վարձատրության հետ է կապված. «Այս ծրագրով  ՔԿՀ-ում աշխատող բժիշկների որեւէ վարձատրության խնդիր չի դրվում, դա մեր խնդիրն է եւ պետք է մենք լուծենք: Բժիշկների ներգրավման խնդիրն հնարավոր է լուծել 2 ձեւով` անդրադառնալ աշխատավարձերին, ինչը հակասական իրավիճակների կարող է հանգեցնել, քանի որ նույն ՔԿՀ-ում աշխատավարձերի դիսբալանսը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ: 2-րդ` պետք է բուժծառայության մատուցման ձեւը վերանայել` ՔԿՀ-ներ ընդունելով բժիշկներ, որոնք ոչ թե համակարգի ծառայողներ են, այլ քաղաքացիական բժիշկներ, որոնք որոշակի հիմունքներով աշխատանք կիրականացնեն»:

Նշենք, որ «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի իրականացումը  հնարավոր է դարձել ԵՄ/ԵԽ Արեւելյան գործընկերության երկրներում  2015-2017թթ. Ծրագրային համագործակցության շրջանակում: 2014թ. դեկտեմբերին ստորագրվել է համագործակցության պայմանագիր` մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ իրավունքի գերակայությունը Արեւելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում` Հայաստանում, խթանելու նպատակով:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll