«Վերջապես իմ բալիկը լսելու է». «Էրեբունի» ԲԿ-ում նորից կոխլեար իմպլատներ են տեղադրում

29 հունիսի, 2015  21:05

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բժիշկների միջազգային խումբը հերթական անգամ կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ է իրականացնում: Թվով 10 երեխաներ ավստրալիական  Cochlear ընկերության նոր սերնդի իմպլանտներ կստանան, որոնք ձեռք են բերվել Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի միջոցներով:

Ինչպես հայտնեց լրագրողներին Ռուսաստանի Աուդիոլոգիայի եւ լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կիոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանը,  այս վիրահատությունների նորույթն այն է, որ լսողական նյադրի ֆունկցիաների արձանագրումը իրականացվում է ոչ թե համակարգչի, այլ wireless համակարգի միջոցով: Այս մեթոդը առաջին անգամ ողջ հետխորհրդային տարածքում կիրառվում է Հայաստանում:

Վիգեն Բախշինյանը հիշեցրեց, որ 2014 թվականին«Էրեբունի» կլինիկայի կոխլեար իմպլանտացիայի կենտրոնը նշեց իր 10-ամյակը: Այդ տաս տարիներկի ընթացքում 76 երեխա է վիրահատվել, այժմ նրանց կավելանան եւս 10-ը:

Կալիֆորնիայի UCLA համալսարանի վիրաբույժ Ակիրա Իշիյաման, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ կոխլեար իմպլանտացիայի զարգացումը Հայաստանում, նշեց, որ «Էրեբունի» ԲԿ-ի կոխլեար իմպլանտացիայի կետնրոնը կարող է տարածաշրջանի նմանատիպ գլխավոր կենտրոնը համարվել։ Այստեղ շատ ուժեղ թիմ է աշխատում՝ ԼՕՌ բաժանմունքի ղեկավար Արթուր Շուքուրյանի գլխավորությամբ: «Մենք նաեւ նորածինների շրջանում նոր սքրինինգային ծրագիր ենք սկսել, որի շնորհիվ շատ բան հնարաբոր կլինի փոխել բազմաթիվ մարդկանց կյանքում», – ասաց Իշիյաման։

Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը պատմեց, որ մեկ կոխլեար իմպլանտն արժե միջինում $38 հազար, սակայն Cochlear Corporation-ը, որից հիմնադրամը ստանում է իմպլանտները, գիտի, որ Սալբի Ագարակյանն ու Ակիրա Իշիյաման աշխատում են հայ երեխաների հետ անվճար հիմունքներով, եւ այդ պատճառով տրամադրում է իմպլանտները $17 հազարով: Սալբի Ագարակյանի պնդմամբ՝ այդ գնով իմպլանտներ չի ստանում աշխարհում եւ ոչ մի հիմնադրամ կամ հիվանդանոց:

Հուզված մայրիկը չկարողացավ զսպել արցունքները տեսախցիկի առջեւ: «Ես շատ հուզված եմ, ուրախությանս չափ ու սահման չկա։Վերջապես իմ բալիկը լսելու է», - նշեց նա: 

Ձախից աջ՝ Արթուր Շուքուրյան, Ակիրա Իշիյամա, Սալբի Ագարակյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում