✕

Զարկերակային գերճնշման բուժման նոր դեղամիջոց

31 հունվարի, 2014  17:39

Թոքային զարկերակային գերճնշման բուժման նոր դեղամիջոցը ավելի քիչ թվով հիվանդների մոտ է առաջացնում կողմնակի ազդեցություններ, եւ այն պետք է օրական ընդամենը մեկ անգամ ընդունել, ցույց է տվել հետազոտությունը:

 Դեղերի եւ սննդամթերքի վերահսկողության ամերիկյան կազմակերպությունը (FDA)  վերջերս հաստատել է Actelion շվեյցարական դեղագործական ընկերության macitentan (Opsumit ®) դեղամիջոցը։

Այն հաստատվել է 10 մգ դեղաչափով, որը 36 ամիս շարունակ հետազոտվել է բազմակենտրոն կլինիկական հետազոտությունների ընթացքում, իսկ արդյունքները հրապարկվել են New England Journal of Medicine ամսագրում:

«Նոր դեղամիջոցը չի առաջացնում մյուս դեղերին բնորոշ կողմնակի ազդեցությունները՝ թոքի այտուց եւ որոշ հիվանդների մոտ լյարդի վնասման ռիսկ»,- ասում է Քլիվլենդի կլինիկայի անոթային թոքաբանության  ծրագրի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Ռայեդ Դուեյկը:

Macitentan-ը պաշարում է օրգանիզմի արյունատար անոթները կծկող եւ զարկերակային ճնշումը բարձրացնող էնդոթելինի բացասական կողմնակի ազդեցությունները:

Թեպետ էնդոթելինը մարդկային օրգանիզմում արտադրվող բնական նյութ է, այնուամենայնիվ, օրգանիզմը այն կարող է չափից շատ արտադրել ի պատասխան բարձր զարկերակային ճնշմանը եւ խոլեստերինի բարձր մակարդակին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում