Երեւանում նշվեց հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրը

28 հուլիսի, 2015  21:28

Այսօր, հուլիսի 28-ն, Երեւանի կենտրոնում նշվեց հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրը: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց լյարդաբանության հայկական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը, հեպատիտներն այն 7 հիվանդությունների թվում են, որոնց դեմ պայքարին ուղղված պաշտոնական միջազգային օր գոյություն ունի:

«Այսօրվա միջոցառման նպատակն է ժողովրդին իրազեկել եւ հեպատիտի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ իրականացնել», - նշեց նա:

Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվա նպատակն է բարձրաձայնել հեպատիտների խնդիրը, որն աշխարհում դեռ անկառավարելի է մնում: Այս տարվա կարգախոսն է «կանխարգելել հեպատիտը»:

Այսօրվա ընթացքում հայկական հեռուստաալիքներով հեպատիտների վերաբերյալ հաղորդումներ են եղել, անցկացվել են կլոր սեղաններ մասնագետների համար, իսկ Երեւանի կենտրոնում անց է կացվել ֆլեշմոբ, որի շրջանակում ցուցադրվել են հեպատիտի մասին ֆիլմեր, իսկ անցորդներին այս հիվանդության մասին տեղեկատվություն են հաղորդել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում