Հաճախ մենք չենք էլ գիտակցում, թե ձայնն ինչ դեր ունի մեր առօրյայում: Մենք ձայնն օգտագործում ենք ոչ միայն աշխատանքում. այն նաեւ զգալի դեր ունի անձնական հարաբերություններում, իսկ վաղաժամ ծնված երեխաներին մոր ձայնն օգնում է հանգստանալ եւ արագորեն զարգանալ:
Քլիվլենդի կլինիկայի մասնագետները ձայնը զրնգուն, իսկ ձայնալարերը՝ առողջ պահելու մի քանի խորհուրդ են ներկայացրել:
• Նախավարժանքն անհրաժեշտ է ոչ միայն ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, այլեւ ձայնալարերը ծանրաբեռնելուց առաջ: Եթե պետք է երգեք կամ դասախոսություն կարդաք, պարանոցի եւ ուսերի թեթեւ նախավարժանք արեք, իսկ հետո մարզեք ձայնը՝ տարբեր տոնայնությամբ ձայնավոր հնչուններ արտաբերելով:
• Խորը շունչ քաշեք. թոքերում շատ օդ հավաքեք, որը կօգնի արտահայտել ձայնի բոլոր հնարավորությունները:
• Աշխատեք երկար չգոռալ, պահպանեք ձայնը:
• Հետեւեք Ձեր ձայնին. եթե այն խռպոտել է, փորձեք ավելի քիչ խոսել եւ շատ ջուր խմել՝ ձայնալարերը խոնավեցնելու համար:
• Պետք չէ հաճախ «կոկորդը մաքրել» եւ հազալ: Դրա փոխարեն փոքր կումերով ջուր խմեք:
• Թթվային ռեֆլյուքսը կարող է լուրջ վնաս հասցնել Ձեր ձայնալարերին: Թթվային ռեֆլուքյի նախանշաններ են այրուցքը, առավոտյան բերանում վատ համը, կոկորդի հետին հատվածում գնդի զգացողությունը եւ այլն: Այս նախանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի:
Երբ պետք է անհանգստանալ
Սուր շնչառական հիվանդություններից հետո խռպոտությունը միանգամայն բնական է, որի համար պետք չէ անհանգստանալ. ժամանակի ընթացքում այն կանցնի: Սակայն եթե խռպոտությունը 2-3 շաբաթ չի անցնում, հարկավոր է դիմել բժշկի, հատկապես եթե ծխում եք եւ մրսածության ու հարբուխի որեւէ նախանշան չկա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում