Ճաշից առաջ երկու բաժակ ջուրը կօգնի նիհարել

27 օգոստոսի, 2015  21:37

Սնունդ ընդունելուց առաջ, երկու բաժակ մաքուր ջուր խմելը կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից, հաղորդում են Բիրմինգեմի համալսարանի բրիտանացի փորձագետները:

Հետազոտության շրջանակում գիտնականները ճարպակալումից տառապող 84 չափահասի են հրավիրել եւ 12 շաբաթ շարունակ հետեւել են նրանց վիճակին: Բոլոր մասնակիցներին խորհրդատվություն են տրամադրել քաշը վերահսկելու մասին, որում խորհուրդ են տվել, թե ինչպես փոփոխել կենսակերպը, բարելավել սննդակարգը եւ ֆիզիկական ակտիվության մակարդակը:

Հետո մասնակիցները երկու խմբի են բաժանվել. 41 մարդ ճաշից կես ժամ առաջ ջուր է խմել, իսկ 43 ուրիշի խնդրել են պատկերացնել, թե ուտելուց առաջ իրենց ստամոքսն արդեն լիքն է: Թույլատրվել է խմել միայն ծորակի ջուր. գազավորված կամ քաղցրացված ըմպելիքներն արգելված են եղել: Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք ջուր են խմել սնվելուց առաջ, միջինը կորցրել են 1,3  կիլոգրամով ավելի, քան այն մարդիկ, ովքեր իրենց կուշտ էին պատկերացրել ուտելուց առաջ:

Հետազոտման 12 շաբաթվա ընթացքում այդ մարդիկ ազատվել են 4,3  կիլոգրամ ավելորդ քաշից:

Այս մեթոդի գեղեցկությունը նրա պարզության մեջ է: Եթե ուղղակի մի պինտա ջուր խմենք ուտելուց առաջ, դա կարող է օգնել նիհարելուն»,-ասել է Հելեն Պարետտին` հետազոտության հեղինակներից մեկը:

Այժմ գիտնականները հույս ունեն ստացված տվյալները հաստատել ավելի մեծ թվով մարդկանց ներգրավելով եւ ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում