Շատերի համար կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը իրական փորձություն է:Սովորական մեթոդը նշանակում է շաբաթներով ցավոտ վերականգնողական պրոցեսներ վերականգնողական հաստատություններում, իսկ երբեմն էլ վերադարձ դեպի կյանք՝ սահմանափակ հնարավորություններով:
Հիմա ավելի մեծ թվով հիվանդներ են վերադառնում լիարժեք կյանքի՝ շնորհիվ կոնքի փոխարինման նոր, ավելի բարդ վիրաբուժական տեխնիկայի:
Արթրիտի եւ հիվանդ կոնքերի բուժման ամենատարածված մեթոդի՝ կոնքի սովորական հետին էնդոպրոթեզավորման դեպքում մուտքը դեպի ախտահարված հոդը իրականացվում է նստամկանների մասից՝ կոնքազդրային հոդը մերկացվում եւ հեռացվում է մեծ նստամկանը ոսկրին ամրանալու հատվածից հատելու միջոցով, տեղեկացնում է Newsmax Health-ը։ Մինչդեռ կոնքազդրային հոդի առաջնային էնդոպրոթեզավորումն իրականացվում է ցայլքի շրջանից (այն հատվածում, որտեղ մոտավոր գտնվում են տաբատի առջեւի գրպանները)՝ չվնասելով եւ բութ եղանակով տարանջատելով մկանների շերտերը:
«Հիվանդներն ապաքինվում են գրեթե երկու անգամ արագ եւ նրանց վերականգնումն արագանում է»,- ասում է Ռոյ Դավիդովիչը՝ բժշկական գիտությունների թեկնածու, Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցի դոցենտը եւ Նյու Յորքի հոդերի հիվանդությունների համալսարանի հիվանդանոցի Կոնքի կենտրոնի տնօրենը:
Մեկ-երկու օր հիվանդանոցում վերականգնվելուց հետո հիվանդին տուն են ուղարկում՝ 1-2 շաբաթ բուժքույրի եւ ֆիզիոթերապեւտի հետ աշխատելու համար:
Կոնքազդրային հոդի առաջնային էնդոպրոթեզավորումն իր քննադատներն ունի: Որոշ վիրաբույժներ ասում են, որ այն հանգեցնում է մեծածավալ արյունահոսությունների, եւ մեծ է կոտրվածքների ռիսկը: Վիրահատության ընթացքում կարող են վնասվել նաեւ հիվանդների նյարդերը, ինչը հանգեցնում է թմրածության եւ կոնքի շրջանում ծակոցների առաջացման:Բացի դրանից, հետին էնդոպրոթեզավորումը կարող է միակ ընտրությունը լինել որոշ հիվանդների համար, օրինակ՝ շատ գեր մարդկանց կամ անձանց, ովքեր արդեն ունեն կոնքազդրային հոդի մետաղական իմպլանտ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր