Պատերազմ Սիրիայում. հղի կինն ու նրա երեխան ողջ են մնացել բեկորային վիրավորումներից հետո (ֆոտո)

28 սեպտեմբերի, 2015  21:40

Սիրիացի բժիշկներին հաջողվել է փրկել հղի կնոջն ու նրա երեխային, որոնք հիվանդանոց էին տեղափոխվել բեկորային վիրավորումներով:

Կինը, որի անունը Ամիրա է, գտնվում էր տանը՝ իր երեք զավակների հետ, երբ տան վրա հրթիռ է ընկել: Երեխաները գրեթե չեն տուժել, բայց Ամիրան, որը 9 ամսական հղի էր, բեկորային վիրավորում է ստացել: Նա հիվանդանոց է տեղափոխվել մի քանի արյունահոսող վերքերով, որոնցից մեկն էլ հենց որովայնի վրա էր:

Բժիշկները ստիպված են եղել շտապ կեսարյան հատում անել: Մոր արգանդից նորածնին հանելուց հետո նրանք տեսել են, որ բեկորներից մեկը ուղիղ նրա ճակատի վրա էր ՝ ձախ աչքից մի քիչ վերեւ: Բարեբախտաբար երեխան որեւէ այլ վնասվածք չուներ, իսկ բեկորը որեւէ անշտկելի վնաս չէր պատճառել նար առողջությանը: Բժիշկները հեռացրել են բոլոր բեկորները ու տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, ու հիմա թե մոր, թե երեխայի վիճակը լավ է:

«Մենք չգիտենք, երեխան է մորը փրկել այդ բեկորից, թե մայրն է երեխային փրկել,- ասել են բժիշկները լրագրողներին .- Մենք միայն այն գիտենք, որ սատանայական իշխանություններն ուզում էին նրանց երկուսին սպանել»:

Աղջկան անվանել են Ամել, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «հույս»:

Սիրիայի բժիշկներն ու քաղաքացիները վախենում են, որ շուտով օդային հարվածները կսկսեն տեղալ նաեւ կլինիկաների վրա ՝ թույլ չտալով, որ մասնագետները փրկեն մյուս տուժածներին, մյուս հղի կանանց, մյուս երեխաներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում