Սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագրի շրջանակում 179 հազար հայ չափել է իր ճնշումը: 11 հիվանդի մոտ ախտորոշվել է բարձր ճնշում, ու նրանք մասնագետներից ռեկոմենդացիաներ ու խորհուրդներ են ստացել: Այս մասին լրագրողներին պատմել է Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը
Նրա խոսքով, խնդիրների եւ սրտի հիվանդություններին նպաստող ռիսկի գործոնների վաղաժամ հայտնաբերումը ծայրաստիճան կարեւոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը ու կրճատել այդ հիվանդություններից մահացությունը, եւ հետո ՝ վաղ փուլում հայտնաբերված հիվանդության բուժումը շատ ավելի էժան է: Ավելին, սրտանոթային հիվանդությունները սովորաբար խլում են միջին տարիքի աշխատունակ մարդկանց կյանքերը, ինչը բնականաբար բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա:
Հիվանդությունների կանխարգելմանը նպաստում է նաեւ սոցիալական փաթեթի շահառուների պրեվենտիվ հետազոտությունը: Հիշեցնենք, որ 2015 թ հունվար – հուլիս ամիսներին կանխարգելիչ բուժզննում է անցել սոցիալական փաթեթի 43 489 շահառու, ինչը կազմում է շահառուների ընդհանուր թվի 49 տոկոսը:
Բնականաբար, միայն կանխարգելիչ հետազոտությունները բավարար չեն երկրում սրտանոթային հիավնդությունների քանակը եւ դրանց մահացությունը կրճատելու համար: Անհրաժեշտ է նաեւ երկրում ներդնել առողջ կենսակերխի մշակույթ, որպեսզի մարդիկ ճիշտ սնվեն ու հրաժարվեն վնասակար սովորություններից: Առայժմ այս հարցում դժվարություններ կան: Օրինակ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ մեծահասակ տղամարդը ծխում է, իսկ ծխելը սրտի հիվանդությունների զարգացման հիմնական ռիսկի գործոնն է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում