Հայաստանի բժիշկների շրջանում ծխելը շատ լուրջ խնդիր է։ Ընդ որում, բժիշկների դեպքում անհնար է պնդել, որ նրանք տեղեկացված չեն ծխելու ռիսկերի մասին։ Նրանք միանշանակորեն տեղյակ են, ասել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին այն մասին, թե Հայաստանի Առողջապահության նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում իր շարքերում ծխախոտի դեմ պայքար տանելու համար։
«Երբ բժիշկն ինքը ծխում է, դա անկասկած վատ ազդեցություն է թողնում հիվանդի վրա, որին նա խորհուրդ է տալիս ծխելը թողնել», - նշել է Ա. Բազարչյանը։
Նա տեղեկացրել է, որ ինստիտուտը հետազոտություններ է իրականացրել ուսանող բժիշկների շրջանում՝ պարզելու, թե ապագա բժիշկների որ տոկոսը կծխի։ Ցավոք սրտի, պարզվել է, որ նրանք բժիշկ են դառնում՝ վնասակար սովորությանն արդեն կապվածություն ձեռք բերած։
Ալեքսանդր Բազարչյանը նշել է, որ ծխող բժիշկնեի վերաբերյալ վիճակագրությունը հենց այնպիսին է, ինչպես մյուս մասնագիտությունների պարագայում. Հնարավոր է նույնիսկ, որ ծխող բժիշկների քանակն ավելի փոքր է, քան ինժեներներինը, սակայն բժիշկների ծխելն աչք է ծակում, եւ դա իրոք անհանգստություն առաջացնող խնդիր է։
Նա նշել է, որ բուժական հաստատություններում ծխելն արգելված է. եւ այդ գործընթացը բավականին խստորեն վերահսկվում է։ Այնպես որ, նրա խոսքով, բուժհաստատություններում իրավիճակն անհամեմատ ավելի լավ է, քան, ասենք, մշակույթի օջախներում, սակայն Հայաստանում երկրորդական ծխի ազդեցության խնդիրը շարունակում է շատ սուր լինել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում