Սարսափելի նկարները ցույց են տալիս, թե ինչպես է ծխելն իրականում ազդում մարդու առողջության վրա (ֆոտո)

19 հոկտեմբերի, 2015  20:43

HealthExpress.co.uk-ի մասնագետները ստեղծել են օնլայն գործիք, որի օգնությամբ կարելի է պարզել, թե ծխելը հատկապես ինչպես է անդրադառնում մարդու արտաքին տեսքի ու առողջության վրա:

1. Դեմք

Ծխելը նախեւառաջ արտացոլվում է մարդու դեմքի վրա՝ նրա դեմքին անուղղելի կնճիռներ ու ակնե է գոյանում, իսկ ատամները թուլանում են ու փոխում գույնը՝ այն 4000 քիմիկատների ազդեցության տակ, որոնք պարունակվում են ծխախոտի մեջ: 

2. Մաշկ

Կանանց մոտ կոլագենի եւ տեստոստերոնի մակարդակն ավելի ցածր է, քան տղամարդկանց մոտ, ինչի հետեւանքով էլ նրանց մաշկն ավելի բարակ է: Դրա համար էլ ծխախոտի վնասակար ազդեցությունը կանանց մաշկի վրա ավելի շուտ է դրսեւորվում ու ավելի ակնհայտ է լինում: 

3. Եղունգներ

Ծխելու հետեւանքով եղունգները չոր ու փշրվող են դառնում, սնկային ինֆեկցիաների զարգացման հավանականությունն էլ բարձրանում է: 

4. Թոքեր

Ծխախոտի ծուխը փոխում է թոքերի հյուսվածքների նորմալ կառուցվածքը, բարձրացնելով ինֆեկցիաների (մրսածություն, թոքաբորբ եւ այլն ), ինչպես նաեւ մահացու վտանգավոր հիվանդությունների ( էմֆիզեմա, թոքերի քաղցկեղ) զարգացման հավանականությունը: 

5. Վերարտադրողական համակարգ

Ծխող կանանց համար հղիանալն ավելի բարդ է, իսկ անպտղության վտանգը՝ գրեթե կրկնակի մեծ: Ավելին՝ հղիության ընթացքում ծխելը կարող է վնասել պտղին: Բացի դրանից ծխող կանանց մոտ դաշտանադադարը շատ ավելի շուտ է սկսվում, քան չծխողների մոտ: 

6. Տղամարդկանց մաշկը

Ծխելու հետեւանքով առաջացած մաշկային խնդիրները սովորաբար հնարավոր չէ շտկել, եւ դա կարող է զգալիորեն վնասել մարդու ինքնագնահատականին: Մաշկը դեղնում է, սկսում է արագ ծերանալ, թեփոտել, անոթների նեղացման հետեւանքով սպիներ են հայտնվում, իսկ փսորիազի ախտանիշներն էլ ուժեղանում են: 

7. Տղամարդկանց թոքերը

Տղամարդկանց թոքերը տուժում են նույնքան, որքան կանանցը: Ծխողների մոտ բարձրանում է ոչ միայն ինֆեկցիաների, այլեւ թոքի քաղցկեղի եւ այլ մահացու հիվանդությունների վտանգը: 

8. Ստամոքս

Ծխելը բարձրացնում է ստամոքսի խոցերի ու աղիների խնդիրների՝ օրինակ Կրոնի հիվանդության առաջացման հավանականությունը: Այն նաեւ մեծացնում է աղիների ու ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգը: 

9. Էրեկտիվ դիսֆունկցիա

Ծխախոտը նաեւ ազդում է տղամարդկանց սեռական առողջության վրա՝ նեղացնում է անոթները ու դրանք խցանում ճարպային գոյացություններով՝ դրանով իսկ խանգարելով նորմալ էրեկցիային: Ծխելը նաեւ վատացնում է առնանդամի շրջանում արյան շրջանառությունը: 

10. Ոտքեր

Ծխելը խցանումներ է առաջացնում մարմնի բոլոր անոթներում: Խցանելով օրինակ ոտքերի անոթները՝ այն կարող է առաջացնել վերջույթների անոթային հիվանդություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում