Սխալ սնվելը կարող է անպտղության հանգեցնել

21 հոկտեմբերի, 2015  20:32

Տրանս-ճարպերով հարուստ սննդակարգը կարող է անպտղություն զարգացնել եւ զգալիորեն նվազեցնել երեխա բեղմնավորելու շանսերը: Այդ մասին զգուշացնում է գինեկոլոգը Դուբլինի Rotunda Hospital-ից:

Նրա խոսքով, սխալ սնունդը Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ այլ հարուստ երկրներում ծնելիության նվազման է հանգեցնում:  Նույնիսկ նորմալ քաշ ունեցող կանայք կարող են հղիանալու խնդիր ունենալ, եթե նրանց սննդակարգում առկա է ճարպերի մեծ քանակություն, իսկ տղամարդիկ նման սննդակարգի պատճառով սերմնահեղուկի հետ կապված խնդիրներ են ունենում:

Երեք նոր հետազոտություն ցույց է տվել, որ ճարպերի մեծ քանակություն պարունակող սնունդը վնասում է ձվարանները, նվազեցնում է սպերմատոզոիդների թիվը եւ նպաստում է  ցածրորակ էմբրիոնների արտադրությանը: Գիտնականների կարծիքով, վատ սնունդն անկասկած բեղմնավորման հետ կապված ամենաառանցքային խնդիրներից է եւ ներկայումս զույգերի մեծամասնության համար երեխա ունենալն անհամեմատ ավելի բարդ է, քան անցյալում: 

Դա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ վերջին երեք տասնամյակի ընթացքում հարուստ երկրներում ապրող տղամարդկանց սպերմատոզոիդների միջին քանակությունը հետեւողականորեն նվազում է: Եվ հակառակը, ինչպես ցույց է տվել հետազոտություններից մեկը, իրենց սննդակարգում տրանս-ճարպերի ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ երեխա սաղմնավորելու 83% հնարավորություն ունեն տրանս-ճարպեր պարունակող սնունդ նախընտրող  տղամարդկանց 47%-ի համեմատ: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կանայք, որոնք շատ տապակած սնունդ են ընդունել, ավելի քիչ կենսունակ էմբրիոններ ունեին, իսկ երրորդ հետազոտության մեջ պարզվել էր, որ մկները, որոնց կերակրել են ճարպերի բարձր պարունակություն ունեցող մթերքով, վնասված ձվարաններ ունեին եւ ծնելիության ցածր ցուցանիշ, նույնիսկ եթե հավելյալ քաշ չունեին: 

Տրանս-ճարպերով հարուստ է տապակած սնունդը, մարգարինը, քաղցրեղենը եւ թխվածքները: 

Բոլոր երեք հետազոտությունը ներկայացվել են  American Society for Reproductive Medicine համաժողովի ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում