Ամեն օր ասպիրին օգտագործելը կարող է օգնել հղիանալուն

22 հոկտեմբերի, 2015  14:12

Ամեն օր ասպիրին օգտագործելը կարող է կնոջն օգնել հղիանալ: Ասպիրինը ոչ միայն բարելավում է արյան շրջանառությունը, այլեւ նպաստում է արգանդի մակերեւույթի ամրանալուն եւ բջիջներում բորբոքման մակարդակի նվազմանը, ինչը բարենպաստ է անդրադառնում վերարտադրողական առողջության վրա: Այդ մասին տեղեկացնում են բեղմնավորման մասնագետները աշխարհի տարբեր ծայրերից: 

Հղիանալ փորձող կինը պիտի ամեն օր մեկ քառորդ ասպիրին խմի, ինչպես որ խորհուրդ է տալիս անպտղության բուժման առաջատար մասնագետներից մեկը՝ Վերարտադրողական բժշկության ամերիկյան ընկերակցության փոխ-նախագահ Ռիչարդ Պոլսոնը: Նրա հետ համամիտ են նաեւ այլ մասնագետներ: 

Ասպիրինը հայտնի է դեպի կոնքի հատված արյան հոսքն ապահովելու, ինչպես նաեւ արգանդի մակերեւույթը ամրապնդելու իր կարողությամբ, ինչը կնոջն օգնում է հղիանալ:  Վերջին հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ ասպիրինի ընդունումը նվազեցնում է նաեւ բորբոքային գործընթացները, ինչն ավելի է մեծացնում հաջող բեղմնավորման շանսերը: 

Յուտայի համալսարանում իրականացված հետազոտության ընթացքում այն կանայք, որոնք նախկինում վիժում էին ունեցել, 17%-ով ավելի հաճախ էին նորից հղիանում եւ զգալիորեն ավելի հաջող ծննդաբերում, եթե ամեն օր ասպիրինի փոքր չափաքանակ էին ընդունում:  Հետազոտողները հետեւել են  18-ից 40 տարեկան 1 200 կնոջ, որոնք տառապել են տարբեր տեսակի համակարգային բորբոքումներից: Նրանք բոլորը նախորդ 12 ամիսների ընթացքում վիժում էին ունեցել: 

Սակայն պրոֆեսոր Պոլսոնը ենթադրում է, որ այդ դեղն օգտակար կլինի գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների համար, որոնք բեղմնավորվելու հետ կապված ոչ  մի խնդիր չունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում