Երեւանի հիվանդանոցներում այսօր աղիքային վարակի ախտանիշներով ավելի քան տասը երեխա կա: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է աղիքային վարակում ունեցող երեխաներից մեկի մայրը:
Մեր զրուցակցուհու 4-ամյա երեխան արյունախառն փորլուծությամբ, փսխոցով եւ այլ ախտանիշներով երեկվանից պառկած է Նորքի վարակիչ հիվանդանոցում: Երբ երեխան հիվանդացել է, մայրը մտածել է, թե մանկապարտեզում է նրան փոխանցվել աղիքային վարակը, բայց պարզվել է, որ այլ երեխաներ այնտեղ չեն հիվանդացել: Իսկ երբ հիվանդանոց են եկել, պարզվել է, որ այնտեղ համանման ախտանիշներով մեծ թվով երեխաներ կան արդեն: Մոր խոսքով, անցած երեկոյան եւս 8 երեխայի են բերել հիվանդանոց:
Հետաքրքիր է, որ հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաներն ապրում են տարբեր վայրերում եւ տարբեր մանկապարտեզներ են գնում. Տավուշից երեխա կա, Էջմիածնից, կան նաեւ երեխաներ Երեւանի այլ ծայրերից:
Ծնողներն առայժմ չեն հասկանում, թե որն է վարակի պատճառը եւ թե իրենց երեխաներն ինչու են հիվանդացել. սննդային թունավորո՞ւմ է եղել, վարակահարուցի՞չ, թե՞ մանրէներով պայմանավորված վարակում: Բժիշկները նրանց առայժմ ոչ մի ճշգրիտ բան չեն ասել, սակայն մոր խոսքով կասկածում են, թե պատճառն ուղղակի կեղտոտ ձեռքերն են:
Մեր զրուցակցին, իր խոսքով, զգուշացրել են, որ մասնագետները կարող են նրա տուն գալ վարակի աղբյուրը փնտրելու, բայց առայժմ ոչ ոք չի եկել:
Հիվանդ երեխաների ծնողներն ուզում են իմանալ, թե որն է վարակի աղբյուրը, որպեսզի իմանան, թե հետագայում, երբ երեխաները դուրս գրվեն, իրենք ինչ անեն: Արդյոք պիտի զգուշանան ջրից եւ սննդամթերքից:
«Այն, ինչ տեղի է ունենում, ինչ-որ համաճարակի տպավորություն է թողնում, մանավանդ որ համաճարակի աղբյուրն էլ անհայտ է: Ես ուզում եմ իմանալ, թե վարակը որտեղից է, չէ՞ որ նույն տուն եմ գնալու, պիտի իմանամ, թե երեխային ինչպես պաշտպանեմ ապագայում», - ասել է մտահոգ մայրը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում