Աղիքային վարակով հիվանդների թիվը նորման չի գերազանցում. գլխավոր վարակաբան

22 հոկտեմբերի, 2015  17:40

Հայաստանում այսօր քիչ չեն աղիքային վարակներով հիվանդները, սակայն նրանց թիվը նորման չի գերազանցում եւ լուրջ մտահոգություններ չի առաջացնում: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան եւ  «Նորք» Ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Արա Ասոյանը: 

Նրա խոսքով, ամռանը եւ աշնան սկզբին հիվանդների թիվը միշտ մեծ է լինում, եւ դա արդեն սովորական երեւույթ է: Վերջին ամիսների ընթացքում, հատկապես՝ ամառվա շոգին Հայաստանում աղիքային վարակների շատ մեծ թիվ էր արձանագրվել ոչ միայն Երեւանում, այլեւ երկրի շրջաններում, սակայն ներկայումս նման վարակներ ունեցող հիվանդների թիվը կրճատվել է:

«Վերջին 3 ամսվա ընթացքում մենք բավականին լարված աշխատել ենք, բայց հիմա, երբ եղանակը ցրտել է, վարակներով հիվանդների թիվը արդեն նվազում է», - նշել է վարակաբանը:

Հիշեցնենք, որ ծնողների տեղեկությունների համաձայն, ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին պառկած են փորլուծությունից, փսխուքից եւ այլ ախտանիշներից տառապող երեխաներ, իսկ ծնողներն ուզում են իմանալ հիվանդության պատճառը: 

Երկրի շրջաններում ամառային վարակների պատճառները մասնագետի խոսքով տարբեր են եղել. ինչ-որ տեղ կեղտոտ ջուրն է եղել պատճառը, ուրիշ տեղում՝ սնունդը:  Ինչ վերաբերում է հիվանդներին, որոնք այժմ գլխավոր վարակաբանի ղեկավարած հիվանդանոցում բուժում են ստանում, վարակման դեպքերի մեծ մասի համար մեղավոր են… կեղտոտ ձեռքերը: 

Այս տարի, ինչպես բացատրել է Արա Ասոյանը, շատ են մրգերն ու բանջարեղենները եւ դրանք մատչելի են բոլորին: Շատ մարդիկ եւ հատկապես երեխաներ միրգ ու բանջարեղեն ուտում են առանց  լվանալու դրանք եւ առանց լվանալու ձեռքերը:  Քանի որ շատ մթերքների մակերեւույթին մեծ քանակությամբ միկրոօրգանիզմներ են ապրում, իսկ կեղտոտ ձեռքերն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, նման պահվածքն արդեն վարակի լուրջ աղբյուր է, այդ թվում նաեւ՝ աղիքային վարակի, նշել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում