Վերարտադրողական առողջությունը մարդու առողջության կարեւորագույն բաղադրիչներից է: Վերարտադրողական օրգանների հիվանդություններն ու դրանց հետ կապված խնդիրները մարդուն կարող են բազմաթիվ տհաճություններ պատճառել, եւ չնայած դրանցից շատերը կարելի է բուժել, կանխարգելելն ավելի հեշտ է:
Այն մասին, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել վերարտադրողական առողջության պահպանման համար, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը:
1. Հորմոնալ ստատուսի պահպանումը
Դեռեւս պատանեկան հասակում նորմալ հորմոնալ ստատուսի ապահովումն ապագայում վերարտադրողական առողջության կարեւոր պայման է, նշել է մասնագետը:
Պատանեկան հասակում հորմոնալ խնդիրները կարող են տարբեր կերպ դրսեւորվել. ինչ-որ մեկը կարող է ավելորդ քաշ ունենալ, մեկ ուրիշը՝ սեռական հասունացման շրջանում երկրորդական սեռական նշանների բացակայություն: Աղջիկների մոտ հորմոնալ խանգարումները կարող են դրսեւորվել նաեւ տղամարդուն հատուկ մազակալմամբ: Շատ կարեւոր է ժամանակին նկատել այդ խնդիրները եւ համապատասխան բուժում իրականացնել, որպեսզի ապագայում պատանին վերարտադրողական խնդիրներ չունենա:
2. Մանկական հիվանդությունների դեմ պատվաստում
Ոչ պակաս կարեւոր է օրացույցին համապատասխան պրոֆիլակտիկ պատվաստման եւ կրկնակի պատվաստման իրականացումը, նշել է Սեւադա Հակոբյանը: Հարցն այն է, որ մանկական որոշ հիվանդություններ, օրինակ պարոտիտը, կարող են վերարտադրողական համակարգի լուրջ խնդիրներ առաջ բերել, եթե մարդը պատանեկան հասակում հիվանդանում է դրանցով: Պատանու սեռական առողջությանը պարոտիտի հասցրած վնասը կարելի է նվազագույնի հասցնել գրագետ ստացիոնար բուժմամբ, այնինչ այդ հիվանդության տնական բուժումը, ընդհակառակը, կարող է ավելի վատացնել վիճակը՝ նպաստելով պատանու մոտ հետագայում անպտղության զարգացմանը:
3. Սեռական եղանակով փոխանցվող հիվանդություններ
Սեռական եղանակով փոխանցվող վարակներն այնքան անվնաս չեն, որքան ոմանց կարող է թվալ: Եթե դրանք չբուժվեն, խրոնիկական բորբոքային գործընթացները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել ու նույնիսկ անպտղության հանգեցնել ինչպես տղամարդկանց մոտ, այնպես էլ կանանց:
Հենց դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել պատահական, չպաշտպանված սեռական կապերից, իսկ առկա վարակները գրագետ եւ կարեւորը՝ ժամանակին բուժել: Հիմնական խնդիրն այն է, որ որոշ վարակներ, որոնք փոխանցվում են սեռական եղանակով, հաճախ առանց ախտանիշների են ընթանում. մարդը նույնիսկ չի կասկածում, որ հիվանդ է, այնինչ հիվանդությունը դանդաղորեն, բայց հետեւողականորեն վնաս է հասցնում նրա սեռական առողջությանը: Դրա համար էլ կարեւոր է պաշտպանվել նման վարակներից, իսկ պրոֆիլակտիկ հետազոտությունը ոչ մեկին չի խանգարի:
4. Կենսակերպը
Առողջ կենսակերպը վերարտադրողական առողջության պահպանման ոչ պակաս կարեւոր մասն է, նշել է բժիշկ Հակոբյանը: Առողջ կենսակերպը ֆիզիկական վարժություններ է ենթադրում, ճիշտ սնունդ եւ վնասակար սովորությունների բացակայություն:
Նստակյաց կյանքը, ինչպես նշել է մասնագետը, նպաստում է կոնքային օրգաններում արյան կանգին, ինչն այդ օրգանների գործառույթների հետ կապված խնդիրներ է առաջ բերում, այդ թվում նաեւ՝ սեռական օրգանների: Օրվա ընթացքում ակտիվությունն ու ֆիզիկական վարժությունները, ընդհակառակը, շատ օգտակար են սեռական առողջության համար: Ինչ վերաբերում է սննդին, դրա դերը դժվար է գերագնահատել: Անհրաժեշտ է, որ օրգանիզմը սպիտակուցների, վիտամինների եւ միներալների իրեն անհրաժեշտ քանակությունը ստանա եւ հնարավորինս քիչ վտանգավոր կոնսերվանտներ եւ քիմիկատներ ընդունի: Ինչպես նշել է Սեւադա Հակոբյանը, թմրանյութը, ալկոհոլը եւ ծխախոտը ազդում են մարդու ոչ միայն լյարդի, թոքերի եւ սիրտ-անոթային հիվանդությունների վրա, այլեւ՝ սեռական համակարգի: Վնասակար սովորությունները հատկապես վտանգավոր են պատանեկան հասակում, երբ սեռական համակարգը նոր-նոր զարգանում է. այդ տարիքում սեռական բջիջները շատ արագ աճում եւ բազմանում են, իսկ վնասակար սովորույթները ծայրաստիճան ագրեսիվ եւ ոչնչացնող ազդեցություն են ունենում դրանց վրա:5. Կանխարգելիչ հետազոտություններ
Պատանիներն ու նրանց հարազատները ոչ միշտ են նկատում պոտենցիալ վտանգավոր հիվանդությունների եւ վիճակների ախտանիշները, բայց բժիշկը կարող է նկատել դրանք կանխարգելիչ հետազոտության ընթացքում: Ցավոք, Հայաստանում դեռ այնքան էլ զարգացած չէ կանխարգելիչ այցերի մշակույթը, ինչի արդյունքում, օրինակ, տղաների մոտ վարիկոցելեն հայտնաբերում է բանակային ծառայությունից առաջ իրականացվող բուժզննումը: Այդ խնդիրը կարելի էր ավելի վաղ նկատել եւ կանխել նրա բացասական ազդեցությունը սպերմատոգեն գործառույթի վրա, եթե տղան ժամանակ առ ժամանակ բժշկի գնար՝ կանխարգելիչ հետազոտման:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում