Աֆեկտի վիճակում կենցաղային սպանությունների մեծ մասը կատարվում է կանանց ձեռքով. դատական հոգեբան

28 հոկտեմբերի, 2015  01:56

Կենցաղային սպանությունների մեծ մասը, ըստ վիճակագրության՝ 60-70%-ը,  կատարվում է աֆեկտի կամ դրան շատ մոտ վիճակում գտնվող կանանց կողմից:  Նրանք սպանում են խոհանոցային դանակներով, արդուկներով, մարզագնդերով, թավաներով  ու այն ամենով, ինչ ընկնում է ձեռքի տակ:  Այս  մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Կալուգայի պետական համալսարանի Ընդհանուր եւ դատական հոգեբանության ամբիոնի վարիչ Վալի Ենգալիչեւը՝ խոսելով ժամանակակից իրավագիտության ոլորտում դատա-հոգեբանության դերի մասին: 

Նա նշել է, որ աֆեկտի վիճակում կատարվող սպանություններ հաճախ տեղի են ունենում բանակում, երբ մարդուն հասցնում են այնպիսի վիճակի, երբ նա գործի է դնում ծառայության բերումով իր մոտ առկա զենքը:  Այդ վիճակում սպանություն գործած մարդը կարող է մասնակիորեն կամ ամբողջությամբ ազատվել պատասխանատվության կրումից եւ այդ հարցում մեծ դեր է խաղում դատա-հոգեբանական փորձաքննությունը: 

Վալի Ենգալիչեւը պարզաբանել է, որ աֆեկտի վիճակն ու անմեղսունակությունը տարբեր բաներ են. անմեղսունակությունը որոշում է դատա-հոգեբուժական, ոչ թե հոգեբանական փորձաքննությունը: Նման հանցագործներին հարկադիր բուժման են ուղարկում:  «Աֆեկտի վիճակում կարող է հայտնվել լրիվ նորմալ ու մեղսունակ մարդը, որը բոլորովին չէր նախատեսում սպանություն գործել, չէր պատրաստվում դրան, չէր ենթադրում, թե կարող է նման բան անել:  Բայց իրավիճակն այնպես  է զարգացել, որ նա այլ կերպ չի կարողացել: Եվ միայն փորձագետ-հոգեբանը կարող է պարզել, թե մարդն արդյոք աֆեկտի վիճակում է եղել, թե ոչ,-  ասել է նա ու հավելել. այդ սահմանը շատ նուրբ է, բայց մենք շատ խիստ չափանիշներ ունենք, որոնք հնարավորություն են տալիս տարանջատել այդ նուրբ սահմանները: Դա գիտություն է»:

Ենգալիչեւի խոսքով, վերջին տարիներին ավելի են մերձենում իրավագիտության եւ հոգեբանության ոլորտները:  Գիտությունը, որը միավորում է իրավագիտությանը եւ հոգեբանությանը, կոչվում է իրավաբանական հոգեբանություն, դատական հոգեբանությունը նրա մի մասն է, իսկ ավելի նեղ մասը դատա-հոգեբանական փորձաքննությունն է: 

«Դատա-հոգեբանական փորձաքննության պահանջարկը հսկայական է: Դատական հոգեբաններից է կախված, թե երեխան ում հետ կմնա ապրելու ծնողների ամուսնալուծությունից հետո, արդյոք կընդունեն, որ մարդը սպանություն է գործել ինքնապաշտպանության նպատակով, կամ կասեն, որ աֆեկտի ազդեցությամբ է գործել: Դատական հոգեբանը գնահատական է տալիս, թե արդյոք փող կորզած մարդը գործել է սեփական կամքով, թե նրան սադրել են, եւ այլն: Մեր պրոբլեմատիկան ամենաայժմեականն է», - ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կրասնոգորյան հրաձիգը աֆեկտի տակ է եղել, փորձագետը նշել է, որ Ամիրան Գեորգաձեն կանխամտածված է գործել եւ դա ակնհայտ է դառնում նույնիսկ լրատվամիջոցների հրապարակումից, առանց ծանոթանալու գործի նյութերին:  «Աֆեկտի վիճակում գտնվող մարդը չի կարող նախապես զենք նախապատրաստել եւ գնալ հանդիպման: Նա վերցնում է ձեռքի տակ եղածը, ձեռքն ընկած առաջին առարկան», - ասել է փորձագետը:

Վալի Ենգալիչեւը Երեւանում մասնակցել է Հոգեբանների եւ հոգեբույժների միջազգային համաժողովին: Նա զեկույց է ներկայացնել  «Ժամանակակից դատա-հոգեբանական փորձագիտության խնդիրները» թեմայով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում