Կանայք որ տարիքում պիտի ծննդաբերեն՝ ավելի երկար ապրելու համար

31 հոկտեմբերի, 2015  22:08

Այն կանայք, որոնք իրենց առաջին երեխային ունեցել են 26-30 տարեկանում, ավելի երկար են ապրում, քան նրանք, որոնք սերնդատվությամբ են զբաղվել ավելի շուտ կամ ավելի ուշ, պարզել են եվրոպացի գիտնականները:   Համապատասխան հետազոտությունը հրապարակել է  BMC Medicine-ը: Հետազոտությունն ընդգրկել է  25-70  տարեկան 322 972 կնոջ, որոնք ապրում են եվրոպական 10 երկրում: Գիտնականները որպես հիմք են ընդունել այնպիսի բնութագրեր, ինչպիսին են մանկածնության կարողությունը, առաջին ծննդաբերության տարիքը, կրծքով կերակրելը, հակաբեղմնավորիչների օգտագործումը, դաշտանային ցիկլի հայտնվելու տարիքը:  Այսպես կոչված վտանգավորության գործակիցը հաշվարկվել է այնպիսի գործոններ հաշվի առնելով, ինչպիսիք են ֆիզիկական ակտիվությունը, կրթության մակարդակը, ծխելը: 

Միջին դիտարկման ժամանակը կազմել է 12,9 տարի, այդ ընթացքում մահացել է հետազոտությանը մասնակցած 14 383 կին: Պարզվել է, որ մահացությունն ավելի ցածր է եղել  ծննդաբերած կանանց մոտ, քան երեխա չունեցողների, ինչպես նաեւ կրծքով կերակրածների մոտ ավելի ցածր է եղել, քան նրանց, ովքեր արհեստական կերակրումն են նախընտրել: Նաեւ` ավելի երկար են ապրել երբեւէ հակաբեղմնավորիչներ ընդունած կանայք: 

Իսկ երեխայի ծննդի համար ամենաբարենպաստ տարիքը, հետազոտության համաձայն, 26-30 տարեկանն ընկած ժամանակահատվածն է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում