«Էրեբունի» հիվանդանոցի սրտաբանական ծառայությունը նշում է իր 30-ամյակը

6 նոյեմբերի, 2015  13:14

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ թե ամբողջ աշխարհի, թե Հայաստանի հիվանդացության, հաշմանդամության ու մահացության գլխավոր պատճառը, դրա համար էլ դրանք վստահաբար կարելի է ոչ միայն բժշկական, այլեւ սոցիալական խնդիր անվանել: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որը «Էրեբունի» բուժկենտրոնի սրտաբանական ծառայության 30 ամյակի կապակցությամբ կազմակերպված գիտաժողովի ընթացքում ընթերցեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը:

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ՝ վերջին 30 տարիներին սրտաբանությունը ակտիվ զարգացել է «Էրեբունի բուժկենտրոնում», ներդրվել են բուժման ու ախտորոշման նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ, ստեղծվել է սրտաբանների ուժեղ թիմ, որը Հայաստանի հանրապետությունում ամենահեղինակավոր թիմերից մեկն էր:

Ինչպես լրագրողներին պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը, որը նաեւ «Էրեբունի» սրտաբանական ծառայության ղեկավարն է, սրտաբանական բաժանմունքը ստեղծվել է հեռավոր 1985թ.: Այդ ժամանակ բաժանմունքում ոչ մի ժամանակակից տեխնիկա չկար, ու բժիշկները ստիպված էին աշխատել շատ վատ պայմաններում: 90 ականների կեսերից ու հատկապես 2000 ականներին բաժանմունքը սկսել է արագ զարգանալ ու վերածվել է սրտաբանական կենտրոնի, որտեղ այսօր կան սրտաբանական բոլոր նեղ ծառայությունները ու որտեղ արվում են սրտային հիվանդներին անհրաժեշտ բոլոր վիրահատություններն ու բուժակարգերը: Այսօր կենտրոնում մեծ քանակության էնդովասկուլյար բուժակարգեր են արվում (տարեկան 1200-1500) ու առիթմիոլոգիական վիրահատություններ, նաեւ իրականացվում է կոնսերվատիվ բուժում:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաեւ ՀՀ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, որը նախարար Արմեն Մուրադյանի անունից շքանշանով պարգեւատրել է Համլետ Հայրապետյանին՝ Հայաստանում սրտաբանության զարգացման գործում ունեցած ավանդի համար: Սրտաբանության ոլորտում բազմամյա գործունեության համար պատվավոր դիպլոմներով պարգեւատրվել են նաեւ Վիկտոր Տեր Գրիգորյանը, Լաուրա Աթայանը, Ալվարդ Դալլաքյանը, Էմիլ Յուզբաշյանը ու Սվետլանա Գրիգորյանը: Իսկ Նարինե Թադեւոսյանը, Հասմիկ Սահինյանը ու Մերուժան Սաղաթելյանն էլ պարգեւատրվել են Հայաստանի սփյուռքի նախարարության դիպլոմներով:

Ինչպես նշեց Համլետ Հայրապետյանը, հիվանդանոցի սրտաբանական ծառայությունը չի մոռանում այն մարդկանց մասին, որոնք զգալի ավանդ են ունեցել դրա զարգացման գործում: Ծառայության լոգոտիպի տեսքով դիպլոմներով ու արձանիկներով են պարգեւատրվել ՌԴ էնդովասկուլյար վիրաբույժների միության նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը ու Հայաստանի սրտաբանական ասոցացիայի ղեկավար Կառլեն Ադամյանը: Չի մոռացվել նաեւ բժիշկ Հակոբ Թումանյանի ավանդը: Նրա դուստրը նույնպես հրավիրված էր գիտաժողովին ու հոր համար նախատեսված պարգեւը նրան է փոխանցվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում