Քաղցկեղը հնարավոր է ախտորոշել արյան մի կաթիլի միջոցով

16 նոյեմբերի, 2015  22:46

Այսուհետ արյան մի կաթիլի անալիզի միջոցով հնարավոր կլինի պարզել մարդու օրգանիզմում քաղցկեղային բջիջների առկայությունը, հայտնել են Շվեդիայի, ԱՄՆ-ի եւ Նիդերլանդների գիտնականները: 

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով   Cancer Cell ամսագրում հրապարակված հոդվածը, նոր թեսթը, որը փորձարկվել է ավելի քան 283 մարդու տրոմբոցիտների ռիբունուկլեինաթթվի նմուշների վրա, մասնագետներին հնարավորություն է տվել թեստն անցածներից   228-ի մոտ քաղցկեղի տարբեր ձեւերի առկայություն հայտնաբերել:  

Ավելի վաղ իրականացված կլինիկական անալիզների տվյալների հետ համեմատությունը ցույց է տվել, որ նոր թեստի ճշգրտությունն ավելի քան  96 տոկոս է:

Ավելին, նոր թեստը կարող է հիվանդությունն ախտորոշել նույնիսկ վաղ փուլերում եւ ցույց տալ, թե այն մարդու օրգանիզմի որ հատվածներում է տեղակայված:  39 հիվանդի մոտ հաջողվել է նաեւ պարզել հիվանդության այսպես կոչված «որակավորման» ճշգրիտ փուլը:

Հետազոտությանը մասնակցել են շվեդական Ումեո համալսարանի գիտնականները իրենց ամերիկացի գործընկերների հետ միասին: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (ԱՀԿ) 2012-ին աշխարհում  ուռուցքային հիվանդություններով տառապող  14 միլիոն մարդ է գրանցվել, որոնցից 8,2 միլիոնը հիվանդությունից մահացել է: Մասնագետների կանխատեսումների համաձայն, մոտակա  20 տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդացման դեպքերը կաճեն մոտ 70 տոկոսով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում