Հայաստանը միացել է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթին

16 նոյեմբերի, 2015  17:01

Հոկտեմբերի 16-22-ին աշխարհում նշվում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը, որի գլխավոր նպատակը հակաբիոտիկների դեմ դիմադրողականության կանխարգելումն է: Հայաստանը եւս միացել է այդ շաբաթին եւ այստեղ դրա շրջանակում մի շարք միջոցառումներ տեղի կունենան, որոնց նպատակը կլինի հակաբիոտիկների մասին տեղեկությունների տարածումը եւ իրազեկումը, թե ինչպես է հնարավոր խուսափել հակաբիոտիկների դեմ դիմադրողականություն ձեռք բերելուց: 

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, հակաբիոտիկների դեմ դիմադրողականությունը  բոլորովին էլ վերացական խնդիր չէ, որը գուցե հետագայում ի հայտ գա, այն արդեն մեր իրականության մաս է կազմում եւ աշխարհում միլիոնավոր մարդիկ վարակված են հակաբիոտիկների դեմ անզգա մանրէների տեսակներով: 

Ինչպես իր հերթին նշել է ԱՀԿ-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը, աշխարհում մոտ 480 000 մարդ հիվանդ է թոքաբորբով, որը դիմադրողականություն ունի բազմաթիվ դեղերի հանդեպ (առնվազն երկուսի), նման թոքաբորբի բուժումն անհամեմատ ավելի բարդ է ու երկարատեւ, քան «սովորականինը»: Կան նաեւ շատ այլ հիվանդություններ, որոնց հարուցիչների որոշ տեսակներ անզգա են դեղերի հանդեպ  (օրինակ` սուսանակը, թոքերի բորբոքումը):

Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը, ինչպես նշել են մասնագետները, զարգանում է դրանք սխալ ընդունելու հետեւանքով, հենց դրա համար էլ շաբաթի հիմնական նպատակն է ոչ միայն բուժաշխատողների ու դեղագործների, այլեւ Հայաստանի բնակչության շրջանում տեղեկատվություն տարածել այն մասին, թե ինչպես է պետք ընդունել այդ դեղերը, որպեսզի խնդիրներ չառաջանան: Ինչպես նշել է Սերգեյ Խաչատրյանը, նախատեսված են նաեւ միջոցառումներ Գյուղատնտեսության նախարարության հետ, չէ՞ որ անասուն աճեցնելու ընթացքում հակաբիոտիկների սխալ օգտագործումը եւս կարող է նպաստել այդ դեղամիջոցների դեմ կայունության զարգացմանը եւ հակաբիոտիկների դեմ դիմադրողականություն ունեցող մանրէների նոր տեսակների տարածմանը:

Հայաստանի Առողջապահության նախարարության Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն իր հերթին նշել է, որ հակաբիոտիկների հանդեպ դիմադրողականության  նվազեցման գործում կարեւոր դեր է խաղում նաեւ դեղերի արտադրության գործընթացը, դրա համար էլ չափազանց կարեւոր է, որ դա եւ դեղերի որակը խիստ հսկողության տակ լինեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում