Որպես կանոն վատ սովորույթների մեծամասնությունը եւ դրանց հակումը ձեռք են բերվում մանկական եւ պատանեկան հասակում: Ինչպե՞ս կարելի է երեխային զերծ պահել վնասակար ազդեցություններից: Այդ մասին լրագրողներին պատմել է հոգեբան Աննա Բադալյանը:
Անչափահասների մոտ ինչո՞ւ են վնասակար սովորույթներ ի հայտ գալիս:
Սովորաբար մարդուն վնասակար որեւէ բան փորձելու մղում են անինքնավստահությունն ու ինքնահաստատվելու ձգտումը: Ամենից հաճախ այդ երկու խնդիրը հանդիպում են անչափահասների մոտ, հենց դրա համար էլ վնասակար սովորույթների մեծամասնությունը (հատկապես` ծխելը) ի հայտ են գալիս հենց այդ հասակում:
Երեխաներին ինչպե՞ս զերծ պահել վնասակար սովորույթներից:
Ինչպես նշել է Աննա Բադալյանը, ամեն ինչ բավականին պարզ է. նախ եւ առաջ անհրաժեշտ է ուղղակի սիրել երեխաներին: Շատ ծնողներ կարծում են, որ սիրում են իրենց երեխաներին, որովհետեւ նրանց համար հագուստ, սնունդ են ապահովում եւ նրանց ուղարկում են լավ դպրոց: Սակայն նյութական արժեքներով տարվելով` նրանք հաճախ մոռանում են հույզերի, կապվածության եւ մարդկային պարզ ջերմության մասին:
Ծնողների հետ հոգեկան կապ չզգալով` երեխան սկսում է այդ ջերմությունն այլ վայրերում փնտրել, այդ թվում` վատ շրջապատում եւ վնասակար սովորույթներում: Որպեսզի նման բան չլինի, ծնողները պիտի կապ պահպանեն երեխայի հետ, հետաքրքրվեն նրա կյանքով, մասնակցություն եւ կարեկցանք դրսեւորեն:
Հոգեբանի խոսքով, ոչ պակաս կարեւոր է, որպեսզի երեխան օրվա ընթացքում զբաղված լինի կարեւոր եւ օգտակար որեւէ բանով. զբաղվածությունը եւս կարող է նրան օգնել խուսափել ինչպես վատ ընկերակցությունից, այնպես էլ վատ սովորույթներից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում