3 պատճառ հենց այսօր ՄԻԱՎ-ի անալիզ հանձնելու համար

1 դեկտեմբերի, 2015  01:44

Շատերը վախենում են ՄԻԱՎ վարակի անալիզ հանձնել: Նրանք կարծում են, որ ավելի լավ է չիմանալ ՄԻԱՎ-կարգավիճակի մասին, քան իմանալ, որ վարակված են: Մասնագետների կարծիքով, այդպիսի մոտեցումը բազմաթիվ վտանգներ է պարունակում եւ կարող է վնաս հասցնել հիվանդին:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության համանախագահ Էլինա Ազարյանը նշեց հնարավորինս շուտ ՄԻԱՎ-ի անալիզ հանձնելու եւ սեփական կարգավիճակն իմանալու 3 պատճառ:

1. Յուրաքանչյուրը պետք է իմանա իր ՄԻԱՎ-կարգավիճակը

ՄԻԱՎ վարակն ու ՁԻԱՀ-ը տարբեր բաներ են, սակայն, ցավոք, շատերն են դրանք շփոթում: ՄԻԱՎ-ը վարակ է, որն ընկնում է օրգանիզմ եւ մնում այնտեղ: ՄԻԱՎ-ը բուժել հնարավոր չէ, սակայն հակառետրովիրուսային դեղորայքով բուժման շնորհիվ կարելի է երկար ու երջանիկ կյանք ունենալ, անգամ առողջ երեխաներ լույս աշխարհ բերել: Եթե մարդը ժամանակին իմանա ՄԻԱՎ-ի դրական կարգավիճակի մասին, հիվանդությունը երբեք չի վերածվի ՁԻԱՀ-ի. հիվանդության բարդացում, որը մահվան է հանգեցնում:

Բացի այդ, եթե մարդը գիտի իր կարգավիճակը, հնարավորություն ունի ավելի գիտակցված եւ ճիշտ կազմակերպել սեփական կյանքը, օրինակ՝ չվարակել հարազատներին, առողջ երեխաներ ունենալ:

Էլինա Ազարյանը հիշեցնում է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի բուժումը հասանելի է, անվճար եւ պարզապես անհրաժեշտ: Դրա շնորհիվ ՄԻԱՎ-ը դադարել է դատավճիռ լինել եւ վերահսկվող հիվանդություն է համարվում:

2. Ուշ ախտորոշումը չափազանց վտանգավոր է

Մասնագետները հիշեցնում են, որ ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին իմանալն այդքան սարսափելի չէ, որքան այդ մասին չափազանց ուշ իմանալը:

Ինչպես նշեցինք, վաղ հայտնաբերված ՄԻԱՎ վարակը հնարավորություն է տալիս բուժում սկսել եւ վերահսկել հիվանդությունը, բայց եթե վարակը չափազանց ուշ հայտնաբերվի, ամենայն հավանականությամբ, հիվանդին օգնելու հնարավորություն այլեւս չի լինի:

ՁԻԱՀ-ի հետեւանքով մահացության բոլոր դեպքերի պատճառը հենց ուշ ախտորոշումն է: Այդ պատճառով, ըստ մասնագետի, շատ կարեւոր է հիվանդության առկայության մասին ժամանակին իմանալը՝ բուժումը չուշացնելու համար:

3. Ոչ ոք ապահովագրված չէ

Կարծրատիպային կարծիք կա, որ ՄԻԱՎ վարակը կարող է լինել միայն, այսպես կոչված, ռիսկի խմբի մոտ՝ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց, թմրամոլների եւ մարմնավաճառների: Իրականում ՄԻԱՎ-ից, ինչպես նաեւ այլ հիվանդություններից, ոչ ոք ապահովագրված չէ:

Եթե Ձեր կյանքում ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգի ցանկացած գործոն եղել է, օրինակ՝ գոնե մեկ անգամ չպաշտպանված սեռական հարաբերություն (սեռական ուղին ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիներից է) կամ ներարկվող թմրանյութ եք օգտագործել, արդեն ՄԻԱՎ-ի անալիզ հանձնելու առիթ ունեք: Մասնագետի խոսքով, եթե անգամ նշված գործոնները Ձեր կյանքում չեն պատահել, անալիզ հանձնել, ամեն դեպքում, պետք է, քանի որ կարելի է վարակվել նույնիսկ բժշկական կամ կոսմետոլոգիական գործողությունների ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում