Վիժումներ՝ ինչո՞ւ են տեղի ունենում եւ ինչպե՞ս խուսափել

16 փետրվարի, 2014  16:23

Շատ հայ գինեկոլոգներ պնդում են, որ վիժումների թիվը Հայաստանում վերջին ժամանակներում ավելացել է։ NEWS.am Medicine-ի թղթակիցը պարզել է վիժումների ամենատարածված պատճառները եւ տեղեկացել, թե ինչ է պետք անել դրանից խուսափելու համար։

«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի վարիչ, ակուշեր-գինեկոլոգ Իննա Պերսոյանը համարում է, որ ավելացել է ոչ թե վիժումների թիվը որպես այդպիսին, այլ այն կանանց թիվը, ովքեր այդ հարցով դիմում են բժշկի։ Եթե առաջ վիժումները տանն էին տեղի ունենում, եւ կանայք դիմում էին բժշկի միայն ուժեղ արնահոսությունների դեպքում, ապա հիմա նրանք ավելի հաճախ են դա անում։

Վիժումների ամենատարածված պատճառները

Վերջին տարիներին հայ բժիշկներն սկսել են ավելի շատ ինքնաբերաբար վիժումներ ախտորոշել, քան առաջ, ասում է Պերսոյանը։ Եթե մի քանի տարի առաջ շեշտը դրվում էր միայն սեռավարակների վրա, հիմա շատ ուշադրություն են դարձնում նաեւ այլ պատճառներին, ներառյալ գենետիկական խնդիրները, մասնավորապես, գենետիկական թրոմբոֆիլիան։ Վիժումների ճիշտ պատճառների հայտնաբերման շնորհիվ համապատասխան բուժում է իրականացվում, եւ հաջորդ հղիությունները նորմալ են ավարտվում։

Ըստ բժիշկ Պերսոյանի, վիժումների պատճառները տարբեր կարող են լինել.

1.Սեռավարակները

Սեռավարակները բավականին տարածված են Հայաստանում, եւ լիովին հնարավոր է, որ դառնան վիժման կամ անպտղության պատճառ։ Հատկանշական է, որ, ըստ Պերսոյանի, առաջ չբեր կանանաց մոտ հիմնականում հայտնաբերվում էր խլամիդիա, որն այսօր երկրորդ պլան է մղվում, եւ ավելի հաճախ հանդիպում են ուրեապլազման, պապիլոմատոզ վիրուսները, հերպեսը եւ ցիտոմեգալավիրուսը։

«Ցիտոմեգալավիրուսը փոխանցվում է նաեւ օդա-կաթիլային ճանապարհով եւ հատկապես վտանգավոր է, եթե կինը վարակվում է հղիության ժամանակ։ Հղիության առաջին երեք ամսվա ընթացքում վարակվելու դեպքում հնարավոր է ցիտոմեգալովիրուսի տերատոգեն ազդեցությունը (պտղի խեղման զարգացում)։

2. Գենետիկ թրոմբոֆիլիաներ

Պերսոյանի խոսքով, գենետիկ թրոմբոֆիլիաները շատ տարածված են Հայաստանում, եւ վիժումների ամենատարածված պատճառների շարքին են պատկանում։

«Հղի կանանց մոտ բարձրանում է արյան մակարդելիությունը եւ գագաթնակետին է հասնում հղիության վերջում, որպեսզի կինը ծննդաբերության ժամանակ չզոհվի արնահոսությունից, - բացատրեց բժիշկը, - Եթե պարզ, հասկանալի լեզվով, բացատրել, ապա գոյություն ունեն արյան մակարդելիության համար պատասխանատու գեների մուտացիաներ։ Այդպիսի գեներով կանանց մոտ մակարդելիությունը բարձրանում է հենց հղիության ամենասկզբից, պտուղը սնուցող անոթներում միկրոթրոմբներ են առաջանում, ու պտուղը մահանում է»։

Նման խնդիր բժիշկները հայտնաբերում են այն կանանց մեծամասնության մոտ, ում անամնեզում կա մեկից ավելի վիժում եւ մեռելածնություն։

3. Սեռական օրգանների անատոմիական դեֆեկտներ

Սեռական օրգանների ցանկացած անոմալիաներ (օրինակ, ներարգանդային միջնորմ) եւս կարող են վիժումների պատճառ դառնալ։

4. Հղիությունների միջեւ կարճատեւ դադարը

Որոշ բժիշկներ կարծում են, որ վիժման պատճառ կարող է լինել նաեւ երկու հղիությունների միջեւ կարճատեւ դադարը՝ երկու տարուց պակաս։ Պերսոյան Իննան նշեց, որ սա եւս կարող է վիժման պատճառների շարքում լինել, թեպետ ինքը շատ կանանց է հետեւել, ովքեր հղիացել են առաջին երեխային ունենալուց անմիջապես հետո, եւ նորմալ հղիություն ունեցել։

5. Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու սթրեսները

Այս գործոնը եւս գոյություն ունենալու իրավունք ունի, քանի որ շատ կանանց մոտ վիժումը տեղի է ունենում հենց սթրեսից կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Սակայն, նման բան տեղի է ունենում, իհարկե, ոչ բոլորի մոտ։

Պերսոյանը նշեց, որ եթե անգամ կինը համարում է, որ իր վիժումը տեղի է ունեցել սթրեսի կամ ծանրաբեռնվածության պատճառով, նա միեւնույն է պետք է ստուգվի պարզելու համար, չկա՞ն արդյոք անհանգստանալու այլ պատճառներ։

6. Ռեզուս կոնֆլիկտ

Մարդկանց մեծամասնության մոտ (մոտ 85%) արյունը ռեզուս-դրական է։ Դա նշանակում է, որ այն պարունակում է ռեզուս-գործոն սպիտակուց, որը գտնվում է էրիտրոցիտների մակերեսի վրա։ Այս սպիտակուցը բացակայում է մարդկանց շատ փոքր թվի մոտ՝ եւ նրանց արյունը ռեզուս-բացասական է։ Մարդկանց առողջության վրա ռեզուս-գործոնը ոչ մի կերպ չի ազդում։ Բայց հղիության ժամանակ մոր ռեզուս-բացասական եւ պտղի ռեզուս-դրական արյան անհամատեղելիությունը կարող է ռեզուս-կոնֆլիկտի հանգեցնել։

7. Անառողջ ապրելակերպ

«Ծխելը, թմրանյութերը, ալկոհոլը եւս ռիսկի գործոններ են, այդ պատճառով հղի կինը պետք է այդ ամենից հրաժարվի։ Թեպետ, ես կարծում եմ, որ ճիշտ ապրելակերպ պետք է վարել եւ հղիությունից առաջ», - նշեց Պերսոյանը։

Ըստ նրա, իր ծխող հղիները թողնում էին ծխելը հղիության մասին իմանալուց անմիջապես հետո, բայց խնդիրն այն է, որ երեխան բեղմնավորվել է հղիության մասին հայտնի դառնալուց շատ ու շատ առաջ։ «Բացի այդ, այն ձվաբջիջը, որը արտազատվել է այս ամսվա մեջ եւ բեղմնավորվել, ապագա մոր ձվարաններում ներդրվել է դեռ այն ժամանակ, երբ ինքը իր մոր փորում էր գտնվում», - ասաց Պերսոյանը եւ պարզաբանեց, որ հենց այդ պատճառով անառողջ ապրելակերպը, եթե անգամ այն անցյալում է մնացել, բացասաբար է ազդում կնոջ եւ իր ապագա երեխաների առողջության վրա։

8. Հորմոնալ պատճառներ

Վիժումների պատճառները կարող են եւ հորմոնալ լինել։ Օրինակ՝ հղիության սկզբնական շրջանում կարող է լինել պրոգեստերոնային անբավարարություն։ Այդ դեպքում հղին պետք է պրոգեստորոնի պարունակությամբ դեղեր ընդունի։ Հնարավոր է նաեւ տղամարդկային հորմոնների բարձր պարունակություն, ինչը եւս շատ տարածված է հայ կանանց մոտ։

9. Անհայտ պատճառներ

Իննա Պերսոյանի խոսքով, լինում են նաեւ դեպքեր, երբ վիժում ունեցած կնոջը լրիվ հետազոտում են, բայց վիժման պատճառը այդպես էլ չեն գտնում։  

Ինչպե՞ս խուսափել վիժումներից

«Հղիությանը եւ մայրանալուն պետք է գիտակցաբար մոտենալ։ Ես միշտ ասում եմ իմ պացիենտներին, որ չի կարելի հենց այնպես հղիանալ, այդ կարեւոր իրադարձությանը պետք է գիտակցաբար մոտենալ», - ասաց բժիշկը։

Հղիանալուց 3-4 ամիս առաջ ցանկալի է անալիզներ հանձնել բոլոր հնարավոր վարակների առկայությունը ստուգելու համար եւ բուժում ստանալ, եթե դա անհրաժեշտ է։ Ցանկալի է նաեւ վիտամիններ ընդունել եւ ճիշտ ապրելակերպ վարել, հրաժարվելով ծխելուց ու խմելուց։

Եթե կինը գենետիկ թրոմբոֆիլիաների հակվածություն ունի, ապա նա պետք է համապատասխան բուժում ստանա ինչպես հղիությունից առաջ, այնպես էլ ընթացքում։  Ապագա երեխայի հայրը եւս պետք է բուժվի, քանի որ իր գեների կեսը երեխան ստանում է հորից։ «Այդ բուժման ֆոնի վրա եւ այդ գիտելիքի շնորհիվ մենք բարեհաջող ավարտված շատ հղիություններ ունենք», - նշեց Պերսոյանը։

Միակ խնդիրն այն է, որ հետազոտություններն ու անալիզները բավականին թանկ արժեն, եւ ոչ բոլորն են կարող դա իրենց թույլ տալ։ Բացի այդ, դեղամիջոցները եւս շատ հաճախ հասու չեն Հայաստանի բնակիչներին, եւ դրանց գները շարունակում են աճել։ Սակայն սա առանձին թեմա է, որի մասին մենք դեռ կխոսենք։

Ամալյա Գաբրիելյան

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում