Երեւանում անցկացվել է դասընթաց «Պատվաստանյութերի անվտանգություն եւ հակացուցումներ» թեմայով

3 դեկտեմբերի, 2015  17:01

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ կազմակերպված «Պատվաստանյութերի անվտանգություն եւ հակացուցումներ» թեմայով եռօրյա դասընթացն այսօր ամփոփեց արդյունքները:

Դասընթացի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել իմունականխարգելման ոլորտի բազմակողմանի գիտակ եւ միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր Ֆրեդերիկո Մարտինիոն-Տորեսը, ինչպես նաեւ վերջինիս օգնական Իրեն Ռիվերո Կալլեն։

Պատվաստումների անվտանգության, արդյունավետության, կեղծ եւ իրական հակացուցումների, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի պատշաճ եւ լիարժեք վարման ուղղությամբ նորագույն մոտեցումները ներկայացվեցին մասնակիցներին: Միաժամանակ, տրվեց համապարփակ, հիմնավոր եւ ապացուցողական տեղեկատվություն պատվաստումների արդյունավետության վերաբերյալ` ինչպես համաշխարհային մակարդակով, այնպես էլ առանձին երկրների օրինակով:

Բուռն եւ ինտերակտիվ քննարկումներ ծավալվեցին պատվաստումների կողմնակի երեւույթների առանձին դեպքերի եւ պատվաստանյութերի վերաբերյալ փաստերի ու առասպելների պարզաբանումների շուրջ:

Կարեւորելով դասընթացի արդյունավետությունը եւ մասնագիտական ներուժի շարունակական ուսուցման պահանջը, առաջիկայում նախատեսվում է նմանատիպ դասընթացներ կազմակերպել նաեւ հանրապետության բոլոր մասնագետների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում