Ամերիկացի վետերաններին առնանդամի փոխպատվաստման վիրահատություն կանեն

7 դեկտեմբերի, 2015  23:43

Ջոնս Հոպկինսի համալսարանի ամերիկացի բժիշկները մտադիր են ԱՄՆ-ում առնանդամի փոխպատվաստման առաջին վիրահատությունն իրականացնել: Նրանք պատրաստվում են վիրահատել ամերիկացի զինվորականի, որի սեռական օրգանները լրջորեն տուժել են Աֆղանստանում ինքնաշեն ռումբի պայթյունի հետեւանքով, գրում է New York Times-ը:

Բժիշկները կվերցնեն մեռած դոնորի առնանդամը եւ կփոխպատվաստեն հիվանդին: Ենթադրում են, որ վիրահատությունը 12 ժամից ավել չի տեւի: Դրա ընթացքում մասնագետները պիտի երկուսից վեց նյարդ միացնեն, վեցից յոթ երակ ու զարկերակ` այդ բոլոր վիրահատությունները մանրադիտակի տակ իրականացնելով: Այժմ մասնագետներն ակտիվորեն փորձարկումներ են անում դիակների վրա, որպեսզի լիովին պատրաստ լինեն վիրահատությանը:   

Հետագայում բժիշկները կհետեւեն հիվանդի վիճակին ու այնպիսի դեղամիջոցներ կներարկեն, որոնք անհրաժեշտ են, որպեսզի օրգանը չպոկվի: Այնուհետեւ նրանք կփորձեն վերականգնել առնանդամի զգայունակությունը, միզման (սկզբում կատետր կտեղադրեն), իսկ հետո` սեռական հարաբերություն ունենալու եւ երեխա բեղմնավորելու հնարավորությունը: 

Տվյալ վիրահատությունը փորձարարական է եւ արժեքն ամբողջությամբ փոխհատուցվելու է Ջոնս Հոպկինսի համալսարանի կողմից: Ընդհանուր առմամբ նախատեսված է 60 նման վիրահատություն իրականացնել: Վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում 2001-ից մինչեւ 2013 թվականը 1367 զինվորական առնանդամի վնասվածք է ստացել: 

Առնանդամի փոխպատվաստման առաջին հաջող վիրահատությունն իրականացվել է Քեյփթաունում, 2014-ի դեկտեմբերին: Հետագայում վնասված առնանդամով տղամարդը կարողացել է կնոջ հղիացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում