5 վնասակար սովորույթ, որոնք զգալիորեն կկրճատեն ձեր կյանքը

12 դեկտեմբերի, 2015  18:41

Որոշ սովորույթներ ժամանակից շուտ գերեզման են տանում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի սովորույթ, որոնք, ինչպես պնդում են Սիդնեյից գիտնականները, կարող են զգալիորեն կրճատել ձեր կյանքի տեւողությունը եւ առողջական խնդիրների հանգեցնել:  

Նստակյաց կյանք

Նստակյաց կյանքը մի շարք հիվանդությունների զարգացման լրջագույն գործոններից է: Որքան ավելի է մարդը նստում եւ որքան քիչ է  շարժվում, այնքան քիչ կապրի, համոզված են գիտնականները: Նույնիսկ երեկոյան մարզասրահ այցելությունները չեն վերացնում ամբողջ օրվա ընթացքում նստելու բացասական հետեւանքները: 

Անքնություն կամ քնի ավելցուկ

Քնի պակասը կամ դրա ավելցուկը հավասարաչափ վնասակար են օրգանիզմի համար: Եթե մարդը  6 ժամից պակաս կամ 9 ժամից ավել է քնում, ուրեմն ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ կունենա կամ արդեն ունի: 

Անառողջ սննդակարգ

Անառողջ սնունդը, որը ճարպերի (սովորաբար` հագեցած) եւ շաքարի մեծ քանակություն է պարունակում , բացասաբար է ազդում ոչ միայն մարդու արտաքինի եւ կազմվածքի վրա, այլեւ նրա սրտի եւ անոթների առողջության: Ավելին, մասնագետները պարզել են, որ կարմիր եւ վերամշակված մսի չափից շատ օգտագործումը բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների ռիսկը: Բոլոր այդ հիվանդությունները կարող են էականորեն կրճատել ձեր կյանքի տեւողությունը:  

Ծխելը

Այն մասին, թե ինչ ավերիչ ազդեցություն ունի ծխելն ամբողջ օրգանիզմի վրա, մեկ անգամ չէ, որ խոսվել է: Հենց միայն իր քաղցկեղածին հատկությամբ ծխելը կարող է նկատելիորեն կրճատել ձեր կյանքը: 

Ալկոհոլի չարաշահումը

Ալկոհոլի չարաշահման մասին եւս շատ է խոսվել. ալկոհոլը ոչնչացնում է ներքին օրգանները եւ շատ խմող մարդը դրա պատճառով վաղ թե ուշ լուրջ խնդիրների է բախվում: 

Այն մարդը, ում մոտ դիտարկվել են վերը թվարկված բոլոր վնասակար սովորույթները, ավելի քան   5 անգամ ավելի հաճախ է ենթարկվում մահանալու վտանգին նրանց համեմատ, ովքեր ոչ մի նման գործոն չունեն, պնդում են գիտնականները:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում