Տնային պահածոներն ինչո՞ւ են վտանգավոր

11 դեկտեմբերի, 2015  20:31

Պահածոները հորինվել են մի քանի դար առաջ, որպեսզի մթերքները հնարավոր լինի առանց սառնարանի երկար պահել: Այսօր մենք արդեն եւ սառնարաններ ունենք, եւ թարմ մթերք կլոր տարին, սակայն պահածոները մինչ օրս հսկայական դեր են խաղում մեր կյանքում:  

Ինչպես նշել է դիետոլոգ Հասմիկ Աբովյանը, պահածոները չի կարելի միանշանակ չարիք կոչել, սակայն նրանք, որոնք պատրաստվում են տնային պայմաններում, լուրջ վտանգներ են պարունակում: Դրա համար էլ եթե շատ եք ուզում պահածո ուտել, գնեք այն, ինչ գործարաններում է պատրաստվել: 

Իսկ ի՞նչ վտանգներ են պարունակում տնական պահածոները: 

Ինչպես բացատրել է մասնագետը, հողում մանրէներ են ապրում` բոտուլիզմի հարուցիչներ, որոնցով մարդը սովորաբար վարակվում է բույսերից կամ կենդանիներից: Մանրէներն ինքնին վտանգավոր չեն, սակայն վակուումի պայմաններում նրանց արտադրած թունանյութերը մահացու վտանգավոր են:  Երբ մենք տնային պայմաններում պահածո ենք  պատրաստում, որքան էլ լվանք մթերքները եւ հետեւենք հիգիենային, ռիսկ կա, որ արդյունքում մանրէները կհայտնվեն պատրաստի մթերքում: Անօդ պայմաններում դրանք սկսում են բազմանալ եւ թունանյութեր արտադրել` բոտուլոտոքսիններ, որոնք մահացու վտանգավոր են մարդու համար, որը դրանցով վարակված պահածոներ է կերել:  

Գործարաններում պահածոները պատրաստվում են հատուկ պայմաններում, հատուկ տեխնոլոգիաների օգտագործմամբ եւ շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում, դրա համար էլ բոտուլիզմով վարակվելու հավանականությունը ծայրաստիճան փոքր է: Տանը ուղղակի անհնար է ապահովել բոլոր այդ պայմանները եւ պահածոների կատարյալ անվտանգությունը: Հենց այդ պատճառով էլ մասնագետները  խորհուրդ են տալիս միայն խանութներում գնված պահածոներ ուտել եւ ոչ մի դեպքում` տնական:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում