Աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են տառապում ճարպակալումից

14 դեկտեմբերի, 2015  17:40

Աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են տառապում ճարպակալումից, քան նրանք, ովքեր ապահովված ընտանիքներում են մեծացել: Այդ մասին տեղեկացնում է հետազոտությունը, որը հրապարակվել է  The European Journal of Public Health-ում:

Աղքատ ընտանիքներից 5-ամյա երեխաների մոտ ճարպակալման զարգացման ռիսկը երկու անգամ ավելի է, քան ապահովված ընտանիքների երեխաներինը:  11 տարեկանում այդ ռիսկը գրեթե երեք անգամ ավելի է լինում: Նման եզրակացության հանգելու համար   University College London-ի գիտնականները վերլուծել են 19 244 ընտանիքում ծնված երեխաների մասին տվյալներ (տվյալները վերցվել էին UK Millennium Cohort Study-ից (MCS)): Հետազոտողները նաեւ հաշվի են առել այդ երեխաների մայրերի սովորույթները  (օրինակ` ծխելը) հղիության ընթացքում եւ դրանից հետո, նրանց  ՄԶԻ-ն (մարմնի զանգվածի ինդեքսը), կրծքով կերակրման տեւողությունը եւ այլ գործոններ: Այդ երեխաների կենսակերպը եւ ֆիզիկական ակտիվության մակարդակը եւս հաշվի է առնվել:  Բացի այդ, գիտնականները նաեւ ուշադրություն են դարձրել այդ երեխաների սննդային սովորույթներին, թե արդյոք նախաճաշում են, մրգեր են ուտում եւ քաղցր ըմպելիքներ են խմում:

Ստացված բոլոր տեղեկությունները վերլուծելով` հետազոտողները հստակ կապ են արձանագրել ճարպակալման եւ աղքատության միջեւ: Աղքատ ընտանիքների երեխաների 6.6 եւ ապահովված ընտանիքների երեխաների 3.5 տոկոսը ճարպակալում ունեին 5 տարեկանին մոտ: Պատկերը մի փոքր փոխվում էր, երբ երեխաներն ավելի տարիքով էին դառնում: Աղքատ ընտանիքներից 11-ամյա երեխաների 7.9 տոկոսը եւ ապահովված ընտանիքներից նրանց տարեկից երեխաների սոսկ 2.9 տոկոսը  ճարպակալում ուներ:

Գիտնականները նաեւ նկատել են, որ այն երեխաները, որոնք միրգ են կերել եւ քիչ շարժվել, ավելի հազվադեպ էին բախվում ճարպակալմանը: Իսկ մոր ծխելը եւ ավելորդ քաշի առկայությունը, ընդհակառակը, 20 տոկոսով մեծացնում էին երեխայի մոտ ճարպակալման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում