Երկարատեւ քունը քայքայում է առողջությունը՝ հարբեցողության ու ծխելու նման

15 դեկտեմբերի, 2015  23:54

Գիշերը չափից երկար քնելը նույնքան վտանգավոր է ինքնազգացողության համար, որքան ոգելից խիմչքի չարաշահումը: Նման եզրակացության են հանգել ավստրալիացի գիտնականները Սաքսի ինստիտուտից, որոնք հետազոտության միջոցով փորձել են պարզել, թե որ գործոնները կարելի է մարդու առողջության ու կյանքի համար ամենամեծ սպառնալիքը համարել:

Հետազոտության շրջանակում բժիշկները վերլուծել են 45 տարեկանից մեծ ավելի քան 230 հազար մարդու սովորական վարքագիծ: Հեղինակներին հատկապես հետաքրքրում էր այն, թե կյանքի կրճատմանը նպաստող՝ գիտությանը հայտնի գործոնները ինչպես են ազդում վաղաժամ մահվան անհատական սպառնալիքի վրա: Այդ գործոնների ցանկում էին ծխելը, ոգելից խմիչքի չարաշահումը, անառողջ սնունդը, նստակյաց կենսակեպը, նաեւ գիշերային քնի նորման չպահպանելը (դրա պակասը կամ էլ ավելցուկը):

Գիտնականները պարզել են, որ մարդու առողջության համար առանձնահատուկ վտանգ են ներկայացնում այս գործոնների որոշ համակցություններ: Ընդ որում հետազոտողները ուշադրություն են դարձնել ինքնազգացողության ու կյանքի տեւողության հարցում քնի առաջատար դերակատարմանը: Նրանց խոսքով 9 ժամից երկար տեւող գիշերային քունը, ու նստակյաց կենսակերպը այնքան են բարձրացնում վաղաժամ մահվան հավանականությունը, որքան վնասակար սովորությունները՝ ոգելից խմիչքի չարաշահումն ու ծխելը:

Երկարատեւ գիշերային քնի (ավելի քան 9 ժամ), նստակյաց կենսակերպի (օրական ավելի քան 7 ժամ )ու ֆիզիկական ակտիվության պակասի համագումարը գրեթե քառակի ավելացնում են վաղաժամ մահվան հավանականությունը: Նույն արդյունք է գրանցվել նաեւ ծխելու, ոգելիցի չարաշահման ու գիշերային քնի պակասի (7 ժամից քիչ) համագումարի դեպքում, ասված է հոդվածում, որ հրապարակել է PLOS Medicine ամսագիրը:

Սաքսի ինստիտուտի բժիշկները շեշտում են, որ իրենց աշխատությունը առաջին անգամ է ապացուցում, որ այդ երկու գործոնները՝ չկարգավորված քունն ու նստակյաց կենսակերպը կարող են միասին գործել:

«Եթե դուք այդ համակցությանը հավելեք նաեւ ֆիզիկական ակտիվության պակասը, առողջության համար եռակի վնասի էֆեկտ կստանաք»,- հայտնել են աշխատության հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում