Պարոդոնտոզը մեծացնում է դաշտանադադարից հետո կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը

22 դեկտեմբերի, 2015  13:03

Կանանց մոտ դաշտանադադարից հետո ավելի հաճախակի է կաթնագեղձի քաղցկեղ զարգանում, եթե նրանք պարոդոնտոզով են տառապում: Այդ մասին տեղեկացնում են  Բուֆալոյի համալսարանի Հանրային առողջության դպրոցի հետազոտողները Ջո Ֆրոյդենհայմի գլխավորությամբ: 

Նախորդ հետազոտություններն արդեն կապ են հայտնաբերել պարոդոնտոզի եւ քաղցկեղի այլ տեսակների միջեւ, որոնց թվում են գլխի եւ պարանոցի քաղցկեղը, թոքերի քաղցկեղը, կերակրափողի եւ բերանի խոռոչի քաղցկեղները: Այժմ նման  փոխկապվածություն է հայտնաբերվել այդ հիվանդության եւ կրծքի քաղցկեղի միջեւ: 

Հեղինակները դաշտանադադարի վիճակում գտնվող 73 737 կնոջ են հետեւել: Նրանցից ոչ մեկը չի տառապել կաթնագեղձի քաղցկեղով, իսկ պարոդոնտոզ ախտորոշվել է մասնակիցների   26,1 տոկոսի մոտ: Դիտարկումները միջինը   6,7 տարի են տեւել, այդ ընթացքում կաթնագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել   2124 կնոջ մոտ: Հետազոտողները պարզել են, որ նրանց մոտ, ովքեր պարոդոնտոզով են տառապել, կրծքի քաղցկեղը   14 տոկոսով ավելի հաճախակի է ի հայտ եկել:

Կարեւոր դեր է խաղացել նաեւ ծխելը. Պարոդոնտոզով կանանց մոտ, որոնք ավելի քան   20 տարի ծխել են, կաթնագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը մեծացել է ամբողջ  36 տոկոսով: Պարոդոնտոզով մասնակիցները, որոնք երբեւէ չեն ծխել կամ էլ ծխելը թողել են   ավելի քան 20 տարի առաջ, կրծքի քաղցկեղի ի հայտ գալու ռիսկը բարձրացել է համապատասխանաբար   6 եւ 8 տոկոսով` մի քանի անգամ պակաս, քան ծխողների մոտ: 

Հետազոտողները համարում են, որ կրծքի քաղցկեղի ի հայտ գալն ինչ-որ կերպ կապված է կաթնագեղձի հյուսվածքների վրա բերանի խոռոչում առկա միկրոօրգանիզմների ազդեցությամբ: Այդ մանրէների աշխատանքի եւ կազմի վրա ազդում է եւ ծխելը, եւ պարոդոնտոզը:   

Այդ հետազոտության մասին տեղեկացնում է  Cancer Epidemiology, Biomarkers & Prevention-ը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում