Քաղցրավենիքի ու ոգելից խմիչքի նկատմամբ հակումը պայմանավորված է լյարդի վիճակով

26 դեկտեմբերի, 2015  10:46

Քաղցրավենիքի ու ոգելից խմիչքի նկատմամբ հակման առկայությունը կամ բացակայությունը կարող է պայմանավորված լինել լյարդի վիճակով: Գիտնականների երկու անկախ խմբեր՝ իրենց հետազոտությունների ընթացքում գտել են լյարդի արտադրած FGF21 հորմոնը,  որն ունակ է ճնշել մկների հակումը այդ մթերքների նկատմամբ: Նույնատեսակ հորմոն է հայտնաբերվել նաեւ պրիմատների մոտ:

Տեքսասի համալսարանից մի խումբ հետազոտողներ տվյալ հորմոնի անսովոր ակտիվություն են նկատել մկների ու պրիմատների լյարդում: Դրա մեծ քանակությունն էլ  հենց պայմանավորում է քաղցրի նկատմամբ ուժեղ հակումը:

«Քաղցր բան ուտելու մեր ցանկությունը վերահսկում է FGF21 հորմոնը, որի օգնությամբ լյարդը ղեկավարում է ուղեղում համի կենտրոնի աշխատանքը»,- բացատրել են կենսաբանները:

Աշխատության հեղինակների խոսքով, տվյալ հորմոնը սինթեզվում է լյարդում այն պահին, երբ օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը բավականաչափ բարձր նիշերի է հասնում: Սկզբում ենթադրում էին, որ նման պայմաններում FGF21 հորմոնը օրգանիզմին նախապատրաստում է գլյուկոզայի ներհոսքին ու ինսուլինի տատանումներին: Սակայն հետագայում գիտնականները համոզվել են, որ այս հորմոնի մոլեկուլներն անմիջականորեն ազդում են ախորժակի վրա՝ հիպոտալամուսի աշխատանքի ու էնդոկրին համակարգի գործառույթների վրա ազդելու միջոցով:

Կենդանիների վրա արված փորձերում գիտնականները ստուգել են, թե ինչ կկատարվի, եթե այդ հորմոնը օրգանիզմում չարտադրվի, կամ էլ հակառակը՝ եթե չափից շատ արտադրվի: Կապիկների ու մկների վրա արված փորձերի արդյունքները նույնատեսակ էին ՝ առաջին դեպքում կենդանիները չէին կարողանում կանգ առնել, երբ քաղցր սնունդ էին ուտում: Երկրորդ դեպքում նույնիսկ փոքր քանակության FGF21 հորմոնի ներարկումը դադարեցնում էր քաղցրի նկատմամբ հակումը:

Գիտնականները կարծում են, որ հորմոնի օգտագործումը կարող է օգնել ազատվել ոչ միայն քաղցրի նկատմամբ հակումից, այլեւ առասարակ շատակերությունից եւ հարբեցողությունից: Կենսաբանները նաեւ չեն բացառում, որ լյարդը կարող է իր մեջ քողարկել նաեւ մի շարք այլ հորմոններ, որոնք պատասխանատու են զանազան մթերքների ու նյութերի անվերահսկելի քանակությամբ ուտելու համար:

Այս մասին պատմում է Cell Metabolism ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում