2015 թ առանձնահատուկ էր Առողջապահության նախարարության համար, քանի որ դրված էր հանրային առողջապահական ծրագրերի գերազանցության, նաեւ գործող բժշկական ծրագրերում որակի ապահովման հարցը: Այս մասին անցնող տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Անդարադառնալով ոլորտի ձեռքբերումներին, նա մասնավորապես նշեց այն փաստը, որ ԱՀԿ-ն օրինակելի է ճանաչել Հայաստանում պատվաստանյութերի ձեռքբերման ու բաշխման գործընթացը: Նա առանձնացրեց նաեւ Սրտի անհապաղ վիրահատությունների ծրագիրը, որի շնորհիվ կրճատվել է սրտանոթային հիվանդություններից մահացությունը: Նախարարի խոսքով, ձեռքբերումներ կան նաեւ սրտանոթային ու ուռուցքաբանական հիվանդություններից հետո երրորդ արդիական հիվանդության՝ շաքարախտի մասով: Նախարարը հիշեցրեց, որ հասարակության մեջ (մասամբ օբյեկտիվ, մասամբ՝ ոչ) բողոքից հետո, որի պատճառը հնդկական դեղամիջոցների մատակարարումն էր, Առողջապահության նախարարությունն ընդառաջ է գնացել հիվանդներին ու հիմա գնում է ֆրանսիական Սերվյե ընկերության արտադրած դիաբետոնը: Առաջընթաց կա նաեւ մանկական շաքարախտի վերահսկողության ոլորտում՝ ստեղծվել են հատուկ կենտրոններ, ներկրվել են ինսուլինային գրիչներ:
Նախարարը հիշատակեց նաեւ սքրինինգային ծրագրերը, որոնց շրջանակում 200 000 այցելու 500 000 հետազոտություն է անցել:
«Սքրինինգային ծրագրերի իրականացումից հետո ենթադրվում էր, որ հոսպիտալացումը կաճի, բայց ժամանակի ընթացքում հիվանդների կառուցվածքում պետք է փոփոխություն լինի՝ բարձիթողի դեպքերից դեպի դեպքեր,որոնք հայտնաբերվում են վաղ փուլերում»,- ասաց նա:
Առողջապահության ոլորտի բացթողումները, նախարարի խոսքով, պայմանավորված են հիմնականում՝ հանրային առողջապահության մասին անբավարար տեղեկացվածությամբ, առողջապահության ոլորտի առայժմ չչափագրված որակական ցուցանիշներով, ինչը թյուրըմբռնման ու տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս:
«Հնչում են բժիշկների հասցեին մեղադրանքներ, որոնք ես չեմ կիսում», - ասաց նախարարը: «Պետք է լինի չափագրված նորմատիվային դաշտ, որի համար պատասխանատու կլինեն առողջապահական մարմինները», - հավելեց նա:
Պարզաբանելով, թե ինչ նկատի ունի խոսելով հանրային առողջապահության մասին անբավարար տեղեկացվածության մասին՝ նախարարը նշեց, որ որոշ տեղերում պատվաստման ընդգրկումը 92 տոկոսից իջել է 87-ի, ու չնայած հանրապետության ընդհանուր ցուցանիշների վրա դա չի արտացոլվում՝ բայցեւայնպես մտահոգիչ է: Նախարարը կարծում է, որ այս հարցում պետք է զգոն լինել, պատվաստումների մասին անգրագետ ու մակերեսային արտահայտություններն անթույլատրելի են:
Նույնը կարելի է ասել նաեւ ծխելու դեմ պայքարի մասին: «Մենք ամեն տարի այն քննարկում ենք, բայց մի տեսակ ամորֆային, հեգնական դաշտ է ձեւավորվել: Դեռ 10 տարի առաջ մենք ասում էինք, որ մարդու ծախսերի կառուցվածքում ծխախոտը կազմում է 3.7 տոկոս, իսկ առողջապահությունը՝ 3.4 տոկոս: Այսօր էլ ոչինչ չի փոխվել: Իսկ երկրում հիվանդացությունը վերջին 10 տարիներին 63 տոկոսով աճել է», - նշեց նախարարը՝ հավելելով, որ արեւմտյան երկրներում շարժառիթ է հանդիսանում մեղքի, իսկ արեւելյաններում՝ ամոթի հասկացությունը: Այսինքն արեւմտյան երկրներում կա խիստ օրինապաշտություն, իսկ մեր երկրում ծխելու դեմ պայքարի մասին օրենքն ընդունվել է, բայց չի գործում: Չի գործում նաեւ ամոթը, քանի որ մեր հասարակությունում ծխելն առայսօր ամոթալի չէ:
Խոսելով 2016 թ. ծրագրերի մասին, նախարարը նշեց, որ Նախարարությունը ծրագրում է շարունակել արդեն սկսված ծրագրերի՝ սքինինգային, հիվանդանոցաշինության, էլեկտրոնային առողջապահության ներդրման, պետպատվերի բաշխման գործընթացի բարելավման իրականացումը, սոցիալական փաթեթի շրջանակում կշարունակվի նաեւ CHEK-UP ծրագիրը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում