Թքի հետազոտությունը կարող է կանխատեսել ընկճախտը

19 փետրվարի, 2014  11:32

Ընկճախտի թեթեւ ախտանիշերով դեռահասների թքի ուսումնասիրությունը կաող է օգնել պարզել, թե ավելի մեծ տարիքում ով ավելի խորը ընկճախտի վիճակում կլինի:Այսպիսին են նոր հետազոտությոան տվյալները։

Հետազոտողները չափել են դեռահաս տղաների սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը եւ պարզել, որ այն տղաները, որոնց դեպքում կորտիզոլի բարձր մակարդակը համադրված է եղել ընկճախտի թեթեւ ախտանիշերի հետ, ավելի մեծ տարիքում 14 անգամ ավելի հաճախ են կլինիկական ընկճախտով տառապել, քան կորտիզոլի ցածր կամ նորմալ մակարդակով տղաները:

Հետազոտել են եւ տղաների, եւ աղջիկների, բայց ուսումնասիրությունն ավելի արդյունավետ է եղել տղաների դեպքում, հայտնում է Fox News-ը:

Գրեթե վեց մարդուց մեկն իր կյանքի որեւէ շրջանում  տառապում է կլինիկական ընկճախտով: Ընկճախտի առկայությունը պարզող կենսաբանական թեստ չկա:

Ջո Հերբերտը Քեմբրիջի համալսարանից եւ նրա գործընկերները հետեւել են 12 - 19 տարեկան ավելի քան 1800 դեռահասի եւ թքի հետազոտության միջոցով որոշել են նրանց օրգանիզմում կորտիզոլի մակարդակը: Հետազոտողները նաեւ հավաքել են դեռահասների զեկույցներն ընկճախտի սեփական նշանների մասին եւ 3 տարի հետեւել են հոգեկան խանգարումների ախտորոշումներին:

Տղաները, որոնց կորտիզոլի մակարդակը բարձր է եղել, եւ նրանք ունեցել են ընկճախտի թեթեւ նշաններ, մինչեւ 14 անգամ ավելի հաճախ են տառապել կլինիկական ընկճախտով, քան կորտիզոլի նորմալ մակարդակով տղաները: Սա՝ այն դեպքում, երբ կորտիզոլի նույնպիսի բարձր մակարդակ ունեցող աղջիկների դեպքում նման վիճակի զարգացման ռիսկը եղել է մինչեւ 4 անգամ մեծ: Փորձագետները ենթադրել են, որ կորտիզոլը տղաների եւ աղջիկների վրա տարբեր կերպ է ազդում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում