Ինչպես ճիշտ սնվել Նոր տարվա տոների ընթացքում

4 հունվարի, 2016  21:34

Նոր տարվա տոների ընթացքում սեղանին` ինչպես տանը, այնպես էլ հյուր գնալիս, շատ ախորժալի տեսքով ուտեստներ են լինում, եւ ուզում ես բոլորը համտեսել: Սակայն շատակերությունը եւ տոնական, եւ սովորական օրերին կարող է մեր օրգանիզմի համար մի շարք անցանկալի հետեւանքների հանգեցնել: Ինչպես է պետք սնվել տոների ընթացքում, որպեսզի խուսափեք մարսողության խանգարումից, թունավորումից եւ, իհարկե, ավելորդ կիլոգրամներից: 

Այդ ամենի մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի հետ:

Մասնագետը խորհուրդ է տալիս աչքի անցկացնել սեղանը եւ ընտրել այն ուտեստները, որոնք անպայման ուզում եք համտեսել: Տոլմա՞ եք ուզում: Անպայման համտեսեք, բայց քիչ կերեք. ամբողջը մի կերեք, խորհուրդ է տալիս մասնագետը: Օրինակ`   2 տոլմա կերեք, հետո ուրիշ մի բան:

Այդպես կարելի է համտեսել սեղանի բոլոր հետաքրքիր ուտեստները, բայց ամեն ինչից մի քիչ, առանց շատակերության:  Ավելին` ցանկալի է դեռեւս մի քիչ քաղցած վեր կենալ սեղանից: Այդպես, եթե կարճ ժամանակից դարձյալ հյուր գնաք եւ այնտեղ եւս սեղան նստեք, ձեր ստամոքսում դեռ մի քիչ տեղ կլինի, իսկ շատակերությունը ընդամենը ավելորդ խնդիրներ կստեղծի ստամոքսի համար:  

Հայկ Մանասյանը նաեւ նշել է, որ ծայրաստիճան կարեւոր է շատ չխմել Նոր տարվա տոնի ընթացքում, չէ՞ որ եթե  չափից շատ խմեք, կդադարեք գիտակցել, թե ինչ եւ ինչքան եք ուտում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում