Ինչո՞ւ է սրտանոթային հիվանդություններով մարդկանց համար գրիպով վարակվելն ավելի վտանգավոր

22 հունվարի, 2016  17:48

Գրիպը վտանգավոր է բոլորի համար, բայց սովորաբար առանձնահատուկ զգուշավորություն են խորհուրդ տալիս պահպանել այն մարդկանց, ովքեր այսպես կոչված ռիսկի խմբում են ՝ սրտանոթային հիվանդություններով, շաքարախտով հիվանդներին, հղի կանանց, երեխաներին ու տարեց մարդկանց: Իսկ ինչո՞ւ է սրտանոթային հիվանդություններով հիվանդ մարդկանց համար վտանգավոր գրիպով կամ ՍՇՎ-ով վարակվելը: Եվ ի՞նչ անել, եթե նրանք այնուամենայնիվ վարակվել են:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի այս հարցերին ՝ սրտաբան Մարինե Օրդյանը նկատեց, որ քանի որ մարդկանց այդ խմբի մոտ արդեն սրտի, անոթների ու թոքերի հետ խնդիրներ կան, կա լուրջ վտանգ, որ գրիպով վարակվելու դեպքում նրանց մոտ բարդացումներ կզարգանան ՝ օրինակ թոքաբորբ: Առկա խրոնիկ հիվանդությունների պայմաններում թե գրիպից, թե թոքաբորբից միաժամանակ բուժվելը բավականին բարդ է: Մասնագետը հիշեցրեց, որ հիվանդների մեծ մասը, որոնք այս տարի մահացել են H1N1 գրիպից, ունեին նաեւ մի շարք ուղեկից հիվանդություններ ՝ սովորաբար հենց սրտի հիվանդություններ ու շաքարախտ:

Գրիպի ու ՍՇՎԻ սրացման ժամանակաշրջանում այդ հիվանդություններով չվարակվելու համար մասնագետը ռիսկի խմբի մարդկանց խորհուրդ է տալիս հաճախ լվանալ ձեռքերը ու օդափոխել այն սենյակը, որտեղ շատ ժամանակ են անցկացնում: Նաեւ լավ գաղափար է մարդաշատ տեղերում բժշկական դիմակներ հանգնել, ինչը, ինչպես նշեց սրտաբանը, ամենեւին էլ ամոթ չէ:

Իսկ ի՞նչ անեն սրտանոթային հիվանդություններով մարդիկ, եթե նրանց մոտ գրիպի ու ՍՇՎԻ ախտանիշներ են հայտնվում:

Առաջին հերթին մասնագետը խորհուրդ է տալիս դուրս չգալ տանից, որպեսզի ավելորդ լարվածությամբ ու սթրեսով ավելի չվատացնեն իրենց վիճակը ու չվարակեն այլ մարդկանց: Եթե բարձր ջերմաստիճանը երկու օրից երկար է պահպանվում ու եթե կան այլ տագնապալի նշաններ, խորհուրդ է տրվում նույնիսկ չմտածել ինքնաբուժման մասին ու անմիջապես բժշկի դիմել, որը կկարողանա գրագետ բուժում նշանակել՝ կանխելով կամ գոնե մեղմացնելով հնարավոր բարդացումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում