Մարդու պապիլլոմայի հարուցիչը կարող է սեռական անդամի քաղցկեղ առաջ բերել

23 հունվարի, 2016  01:52

Մարդու պապիլլոմայի հարուցիչը (ՄՊՎ) կարող է հանգեցնել ոչ միայն արգանդի վզիկի, այլեւ սեռական անդամի քաղցկեղի:  Այդ մասին տեղեկացնում են Իսպանիայից գիտնականները, որոնք իրենց պրակտիկայից դեպք են ներկայացրել գիտական   The New England Journal of Medicine ամսագրում:

54-ամյա հիվանդը բժիշկներին է դիմել սեռական անդամի գլխիկի վրա պոլիպոիդ զանգվածով, որը զարգացել է 8 ամսվա ընթացքում: Նորագոյացությունը քոր է եկել, թարախային արտազատումներ են եղել: Հիվանդի մոտ շոշափվել է նաեւ աջ աճուկի մեծացած ավշային հանգույց, իսկ վերջին 6 ամսվա ընթացքում նա 9 կգ է կորցրել:

Բժիշկները պարզել են, որ հիվանդը հաճախ բազմաթիվ զուգընկերների հետ չպաշտպանված սեքսով է զբաղվել: Նրա մոտ ստուգել են սեռական եղանակով փոխանցվող տարբեր վարակների, այդ թվում նաեւ` ՄԻԱՎ-ի առկայությունը, սակայն անալիզների արդյունքները բացասական են եղել: 

Այդ ժամանակ բժիշկները անդամի գլխիկի եւ մեծացած ավշային հանգույցի վրա նորագոյացության բիոպսիա են իրականացրել, ինչը նրանց օգնել է ախտորոշել սեռական անդամի հարթաբջջային քաղցկեղ 18-րդ սերոտիպի մարդու պապիլլոմայի հարուցիչի առկայությամբ: Ուռուցքը հեռացրել են, դրանից հետո փոքրիկ պլաստիկ վիրահատությունն օգնել է թաքցնել կոսմետիկ թերությունը: Հիվանդի հետագա ճակատագիրն առայժմ անհայտ է:  

Մարդու պապիլլոմայի հարուցիչը կանանց մոտ արգանդի քաղցկեղի զարգացման հայտնի պատճառներից մեկն է: Այդ նույն հարուցիչը, պարզվում է, տղամարդկանց մոտ սեռական անդամի քաղցկեղ է առաջացնում, որը, իհարկե, ավելի հազվադեպ է հանդիպում, քան արգանդի վզիկի քաղցկեղը: Քաղցկեղի երկու տեսակի պրոֆիլակտիկայի համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս տեղեկություններ տարածել անվտանգ սեքսի եւ ՄԻԱՎ-ով վարակումը կանխելու ուղիների վերաբերյալ: 

Ամսագրի կայքում կարելի է տեսնել բժիշկների հաշվետվությունը այդ դեպքի վերաբերյալ եւ քաղցկեղային գոյացության լուսանկարը (զգուշացում. հղումը գրաֆիկական լուսանկար է պարունակում, որը որոշ մարդկանց կարող է տհաճ թվալ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում