Հատուկ հարցարանը կօգնի ճիշտ հակադեպրեսանտ ընտրել

27 հունվարի, 2016  01:47

Եյլի համալսարանի գիտնականները հատուկ հարցաշար են մշակել, որի օգնությամբ բժիշկը կարող է հասկանալ` նշանակված դեղամիջոցը համապատասխանո՞ւմ է դեպրեսիայով տառապող հիվանդին:   Հարցն այն է, որ ճիշտ հակադեպրեսանտ ընտրելը բարդ խնդիր է. ընդամենը  30 տոկոս է հավանականությունը, որ հիվանդին կհամապատասխանի նշանակված առաջին դեղամիջոցը: Ավելին, շատ բժիշկների մի ամբողջ տարի է անհրաժեշտ կոնկրետ հիվանդի համար գործուն դեղամիջոց գտնելու համար:  

Գիտնականները Ադամ Չեկրաուդի գլխավորությամբ վերլուծել են հակադեպրեսանտների լայնածավալ կլինիկական փորձարկման արդյունքները, ինչը նրանց հնարավորություն է տվել առանձնացնել 25 հարց, որոնց պատասխանները կօգնեն դեղամիջոցի ընտրության գործում:  Դրանք օգտագործելով` գիտնականները մաթեմատիկական մոդել են մշակել, որի օգնությամբ նրանց հաջողվել է   65 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել հիվանդի օրգանիզմի ռեակցիան ցիտալոպրամին:

Հարցերին պատասխանելու համար հիվանդին մոտ հինգ-տասը րոպե անհրաժեշտ կլինի (հնարավոր կլինի հարցաշարին պատասխանել ոչ միայն համակարգչով, այլեւ սմարթֆոնով կամ պլանշետով), իսկ համակարգիչը գործնականում վայրկենապես պատասխան կտա:

Հեղինակների կողմից մշակված մոդելը կարող է օգտագործվել կանխատեսելու հիվանդի պատասխանը ոչ միայն ցիտալոպրամին, այլեւ գործողության համանման մեխանիզմով այլ դեղամիջոցի` էսցիտալոպրամին: Ճիշտ է, այդ մոդելով անհնար է պարզել, թե հիվանդի վրա ինչպես կազդեն այլ կերպ գործող դեղամիջոցները: 

Սակայն հետազոտողները համարում են, որ իրենք կարող են հարցարաններ մշակել, որոնք հնարավորություն են տալիս պարզել նաեւ այլ հակադեպրեսանտների արդյունավետությունը: Չի բացառվում, որ ապագայում նման մոդելների օգնությամբ հնարավոր լինի կանխատեսել դեպրեսիայով հիվանդի ինքնասպանության ռիսկը կամ էլ այն, թե նա երբ կկարողանա վերադառնալ աշխատանքի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում