Որքան մարդու կյանքում շատ է սթրեսը, այնքան հաճախ է նա գլխացավ ունենում, եւ հակառակը: Գերմանացի գիտնականները պարզել են, որ սթրեսը եւ գլխացավը փոխադարձաբար խթանում են միմյանց առաջացումը:
Ամերիկյան նյարդաբանության ակադեմիայի (American Academy of Neurology) մամլո հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հետազոտությանը մասնակցել է 21-71 տարեկան ավելի քան 5 100 մարդ: Երկու տարվա ընթացքում տարեկան 4 անգամ նրանց հարցրել են սթրեսային վիճակի եւ գլխացավի մասին: Սթրեսի մակարդակը գնահատել են 0-100 սանդղակով:
Մասնակիցների 31%-ը գլխացավեր է ունեցել մկանային լարվածության դեպքում (tension-type headache), 14%-ը միգրեն է ունեցել, 11%-ը տառապել է համակցված տեսակի ցավով, իսկ 17%-ի գլխացավը չի դասակարգվել: Առաջին տիպի գլխացավ ունեցող հիվանդներն իրենց սթրեսի մակարդակը միջինում գնահատել են 52: Միգրենի դեպքում այդ ցուցանիշը կազմել է 62, համակցված տեսակի ցավի դեպքում՝ 59:
Ցավի յուրաքանչյուր տեսակի դեպքում սթրեսի աճը կապված է եղել ամսվա ընթացքում գլխացավերի նոպաների թվի ավելացման հետ: Մկանային լարվածության ցավի դեպքում սթրեսի մակարդակի 10 կետով ավելացումը հավասար է եղել նոպայի տեւողության 6,3% աճին, միգրենի դեպքում՝ 4,3%, իսկ համակցված տեսակի ցավի դեպքում՝ 4%:
Հաշվարկների ժամանակ նկատի են առնվել գլխացավը խթանող այլ գործոններ եւս, ինչպիսիք են՝ սպիրտային խմիչքը, ծխելը կամ գլխացավի դեղերի հաճախ օգտագործումը:
«Այս արդյունքները ցույց են տալիս, որ սթրեսը կարող է գլխացավերը խթանող գործոն լինել, արագացնել այդ հիվանդության քրոնիկականի վերածվելը, ինչպես նաեւ այն, որ հենց գլխացավը կարող է սթրես առաջացնել»,- ասում է Գերմանիայում Դույսբուրգ-Էսսենի համալսարանական հոսպիտալի (University Hospital of University Duisburg-Essen) բժիշկ Սառա Շռամը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում