Ինչպես խուսափել կտրուկ ցրտելու հետեւանքով սրտի հիվանդությունների սրացումից

29 հունվարի, 2016  01:53

Եղանակի անսպասելի փոփոխությունները (ինչպես կտրուկ ցրտելը, այնպես էլ կտրուկ տաքանալը) սովորաբար բացասաբար են ազդում սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց առողջության եւ ինքնազգացողության վրա: Վիճակագրության համաձայն, սրտի հիվանդություններից մահացությունը հենց ձմռանն է աճում, երբ սկսվում են ցրտերը:

Սրտի հիվանդություններով մարդիկ ինչպես խուսափեն եղանակի կտրուկ նվազումից, որ վերջին օրերին արձանագրվել է Հայաստանում:  

Սրտաբան Մարինե Օրդյանը սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց խորհուրդ է տալիս չմոռանալ ընդունել բուժող բժշկի նշանակած դեղերը եւ խուսափել ֆիզիկական եւ հուզական ծանրաբեռնվածությունից: Ոչ պակաս կարեւոր է ավելորդ սթրեսներից խուսափելը. մասնագետի կարծիքով, ցանկալի է պահպանել ամեն ինչի հանդեպ դրական վերաբերմունքը եւ հիշել, որ մի օր խնդիրներն անցյալում կմնան, բայց օրգանիզմի վրա ուժեղ սթրեսի հետեւանքները կարող են երկարատեւ եւ շատ լուրջ լինել:  

Փոփոխական եղանակի ընթացքում կարեւոր է նաեւ ջանալ առողջ կենսակերպ վարել եւ ճիշտ սնվել` խուսափելով սննդի մեջ աղի, շաքարի եւ ճարպի ավելցուկից: Սխալ սնունդն իհարկե վնասակար է ցանկացած եղանակի, սակայն  փոփոխական եղանակին եւ ուժեղ ցրտերի ընթացքում այն կարող է զգալիորեն վատացնել խրոնիկական հիվանդություններով հիվանդի վիճակը:    

Մարինե Օրդյանը հիշեցրել է, որ հիվանդությունների եւ դրանց բարդացումների զարգացման  ռիսկի լրջագույն գործոններից մեկը մնում է ծխելը: Այդ պատճառով բոլոր սրտայիններին խորհուրդ է տրվում հրաժարվել ծխելուց, չէ՞ որ դրանից, ի տարբերություն, օրինակ, փոքր քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց, ոչ մի օգուտ չկա, միայն վնաս է: 

Վատ եղանակի ընթացքում ֆիզիկական չափավոր ակտիվությունը եւս կարող է օգնել խուսափելու ինքնազգացողության վատացումից: Բայց ցանկալի է բժշկի հետ խորհրդակցել, թե ձեզ ինչ վարժություններ կարելի է անելը, իսկ որոնք` ոչ: 

Վերջապես, վերջին բանը, որի մասին սրտայինները պիտի հիշեն կտրուկ ցրտելու կամ տաքանալու դեպքում քունն է: Ինչպես նշել է սրտաբանը, ծայրաստիճան կարեւոր է, որ սրտի հիվանդություններով մարդիկ ինչպես հարկն է, հանգստանան եւ քնեն թեկուզ օրական 7-8 ժամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում