Մարդու պապիլոմայի վիրուսը կարող է կրծքագեղձի քաղցկե՞ղ առաջացնել

1 փետրվարի, 2016  22:44

Մարդու պապիլոմայի վիրուսքվ (ՄՊՎ) վարակումը բարձրացնում է կնոջ մոտ ոչ միայն արգանդի վզիկի քաղցկեղի, այլեւ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:  Գիտնականների կարծիքով, ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն իր հերթին կարող է պաշտպանել նաեւ կրծքի քաղցկեղից: Այդ մասին տեղեկացնում են Նոր Հարավային Ուելսի (Ավստրալիա) գիտնականները:

Գիտությանն այսօր պապիլոմահարուցիչի ավելի քան 100 տեսակ է հայտնի, որոնցից որոշները քաղցկեղածին ազդեցություն ունեն եւ բարձրացնում են արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկը: Գիտնականները ենթադրել են, որ ՄՊՎ-ն կարող է դեր խաղալ նաեւ կրծքագեղձի քաղցկեղի ի հայտ գալու հարցում: Իրենց հիպոթեզը հաստատելու համար հեղինակները վերլուծել են կրծքագեղձի գրեթե 4000 նմուշի հիստոլոգիական հետազոտության տվյալները: Նրանք վերցրել են այն կանանց բիոպսիաները, որոնց մոտ կաթնագեղձի քաղցկեղ է զարգացել, չնայած այն բանին, որ հիստոլոգիական հետազոտության արդյունքները զարգացման ցածր ռիսկ էին մատնանշում: 

Հեղինակներին հաջողվել է կաթնագեղձի հյուսվածքի 855 նմուշում ՄՊՎ-ի առկայություն հայտնաբերել, ընդ որում դրանցից մի քանիսը վերաբերում էին բարձր ռիսկի հետ նույնացող ՄՊՎ-ին: Իմիջիայլոց, գիտնականներն առայժմ չեն պատկերացնում, թե մարդու պապիլոմայի հարուցիչն ինչ եղանակով է հայտնվում կաթնագեղձի հյուսվածքներում: 

Ջոն Լաուսոնը նշել է, որ ամենից հաճախ հանդիպել են 18 եւ 16 տեսակի ՄՊՎ-ներ: Նա նաեւ ընդգծել է, որ Գարդասիլը, որը ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութ է, արդյունավետորեն կանխարգելում է այդ տեսակներով, ինչպես նաեւ  6 եւ 11 տեսակներով վարակումը: Հետազոտողները կարծում են, որ իրենց ստացած տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ պատվաստանյութն ի վիճակի է պաշտպանել ոչ միայն արգանդի վզիկի քաղցկեղից, այլեւ կրճատել կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի թիվը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում